«Լիվերպուլն» Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում հյուրընկալեց «Մանչեսթեր Յունայթեդին»: «Էնֆիլդում» կայացած հանդիպումն ավարտվեց 0-0 հաշվով:
Յուրգեն Կլոպի թիմը տիրեց նախաձեռնությանն ամբողջ խաղի ընթացքում, սակայն չկարողացավ գոլի վերածել խաղային առավելությունը: «Մանչեսթեր Յունայթեդն» իր հերթին գոլ խփելու 2 լավ հնարավորություն ուներ: Մի դեպքում Հոյլունի հարվածից հետո խաղի մեջ մտավ Ալիսոն Բեքերը, մյուս դեպքում Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը խանգարեց Ալեխանդրո Գառնաչոյին, որը մեն-մենակ էր դուրս գալիս:
Ավելացված ժամանակի չորրորդ րոպեին ոչ սպորտային պահվածքի համար երկու դեղին քարտ ստացավ և հեռացվեց «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Դիոգու Դալոն:
«Լիվերպուլը» կատարեց 34 հարված (8-ը՝ դարպասին), «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 6 հարված (1-ը՝ դարպասին): Տանտերերն անկյունայինից գնդակը խաղի մեջ մտցրին 12 անգամ, մրցակիցը՝ 0: Մերսիսայդյան ակումբի xG-ն կազմեց 2,66, իսկ «Մանչեսթեր Յունայթեդինը»՝ 0,52:
«Լիվերպուլը» միավորների քանակը հասցնում է 38-ի և երկրորդ տեղում է: Նույնքան միավոր վաստակած «Ասթոն Վիլան» երրորդն է, «Արսենալը» 39 միավորով գլխավորում է աղյուսակը, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» 28 միավորով 7-րդն է:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 17-րդ տուր
«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0-0 (տեսանյութ)