Անգլիայի առաջնության 25-րդ տուրում երկրի փոխչեմպիոն «Լիվերպուլն» «Էնֆիլդում» ընդունեց «Մանչեսթեր Յունայթեդին» ու հաղթեց 7-0 հաշվով: Սա մանչեսթերյան թիմի ամենախոշոր հաշվով պարտությունն էր ԱՊԼ-ում:
Խաղից հետո թիմերի գլխավոր մարզիչներ Յուրգեն Կլոպն ու Էրիկ տեն Հագն արտահայտել են իրենց տպավորությունները:
Յուրգեն Կլոպ («Լիվերպուլ»)
«Խոսքեր չկան. ֆանտաստիկ հանդիպում էր, հանճարեղ: Բարձր խաղամակարդակ ցուցադրեցինք թիմի դեմ, որը լավ մարզավիճակում է:
Երկրորդ կեսի սկզբնամասը շատ լավն էր, վերջնամասը՝ նույնպես: Սա ֆուտբոլ է. նման բաներ պատահում են: Այս հաղթանակը մեզ կբերի ճիշտ ուղու վրա: Այսօր ամեն ինչ հիանալի էր, սակայն առջևում կա 13 խաղ, որոնցում կխաղարկվեն շատ միավորներ»,- գերմանացու խոսքը մեջբերում է BBC Sport-ը:
Էրիկ տեն Հագ («Մանչեսթեր Յունայթեդ»)
«Կարծում եմ՝ արժանապատիվ ելույթ ունեցանք առաջին կեսում` թույլ տալով ընդամենը մեկ սխալ: Երկրորդ կեսում կարելի է ասել՝ ինքներս մեզ նման չէինք: Նման խաղը չի համապատասխանում մեր չափանիշներին: Չէինք գործում ինչպես թիմ: Սա ոչ պրոֆեսիոնալ մոտեցում էր: Այո՛, շատ բարկացած եմ: Նաև զարմացած եմ, քանի որ վերջին շաբաթների ընթացքում տեսնում էի, որ թիմը տրամադրված է հաղթանակի և պայքարում է մինչև վերջ:
Սա լուրջ անհաջողություն է, սակայն նախկինում ցույց ենք տվել, որ կարողանում ենք վերականգնվել նման հարվածներից: Պետք է ընդունենք այս պարտությունը»,- նիդերլանդցի մասնագետի խոսքը մեջբերում է BBC Sport-ը: