Հայաստանի ներկայացուցիչներ Լիանա Գյուրջյանն ու Էմմա Պողոսյանը փայլուն ելույթ ունեցան Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնությունում՝ նվաճելով չեմպիոնի ու փոխչեմպիոնի տիտղոսը:
Մ20 մրցաշարի կանանց 81 կգ քաշային կարգում Գյուրջյանը, երկամարտում գրանցելով 223 կգ (98+125) արդյունք, նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, իսկ Պողոսյանը երկամարտի 215 կգ (94+121) արդյունքով դարձավ փոխչեմպիոն:
Լիանա Գյուրջյանը հաջող կատարեց բոլոր մոտեցումները՝ հաղթելով նաև պոկում ու հրում վարժություններում:
Հայաստանի թիմը երկամարտում մեդալների թիվը հասցրեց 7-ի: Ավելի վաղ Մ20 մրցաշարում չեմպիոն էին հռչակվել Գոռ Սահակյանը (67 կգ), Միլենա Խաչատրյանը (76 կգ) և Սուրեն Գրիգորյանը, իսկ Ռաֆիկ Մինասյանը (61 կգ) և Մնացական Աբրահամյանը (81 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիր:
Հոկտեմբերի 22-ին Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ դուրս կգան նաև Գարիկ Կարապետյանն (Մ20, 96 կգ) ու Արա Աղանյանը (Մ23, 96 կգ):
Հայաստանը Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնությանը մասնակցում է 23 ծանրորդով։