Կատալոնական «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, «Վիլյառեալի» դեմ Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի տնային խաղում (3-0) դուբլի հեղինակ դառնալով, նվաճման է հասել:
Այդ գոլերը 600 և 601-րդն էին 34-ամյա ֆուտբոլիստի կարիերայում։ Լևանդովսկին ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի ռմբարկու Լիոնել Մեսիից և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից հետո դարձավ 21-րդ դարի երրորդ ֆուտբոլիստը, որը կարիերայում հատել է 600 գոլի սահմանը: Այս մասին հայտնում է ВВС-ն:
«Բարսելոնա» տեղափոխվելուց հետո Լևանդովսկին բոլոր մրցաշարերում անցկացրած 14 խաղերում դարձել է 16 գոլի հեղինակ։ Մյունխենի «Բավարիայի» կազմում նա 375 խաղում խփել է 344 գոլ, իսկ Դորտմունդի «Բորուսիայում» անցկացրած 186 խաղում դարձել է 103 գոլի հեղինակ։
Լեհական «Զնիչում» Լևանդովսկին դարձել է 21 գոլի հեղինակ, իսկ «Լեխի» կազմում խփել է 41 գոլ։ Բացի այդ, հարձակվողը Լեհաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրած 134 խաղում գրանցել է 76 գոլ: