Logo

Լևոն Աղասյան. «Որոշեցի ռիսկի չդիմել Եվրոպայի առաջնությունից առաջ»

Հեղինակ
Հրայր Նազարյան
18:20 / 20.02.2023Աթլետիկա
Բացառիկ
null

Հայաստանի առաջատար եռացատկորդ Լևոն Աղասյանը վնասվածքի պատճառով չի կարողացել մասնակցել փետրվարի 18-ին Ղազախստանում կայացած օլիմպիական չեմպիոն Օլգա Ռիբակովայի անվան միջազգային մրցաշարին: 2016թ․ Օլիմպիական խաղերի մասնակից 28-ամյա կապանցի մարզիկը VNews-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ մրցավայրում մկանային ցավը ստիպել է հրաժարվել մասնակցությունից։ 

- Ինչո՞վ էր պայմանավորված տարվա առաջին մեկնարկը բաց թողնելը։

- Այս մրցաշարին չմասնակցեցի, որովհետև նախավարժանքի ժամանակ թեթև ցավ, սպազմ զգացի ազդրիս հետին մկանի հատվածում և որոշեցի ռիսկի չդիմել, որպեսզի կարողանամ ինձ դրսևորել առաջիկա Եվրոպայի առաջնությունում։ Ստացվում է, որ անտեղի կատարեցի այդպիսի երկար ուղևորությունը, սակայն պետք է հնարավորինս պրոֆեսիոնալ մոտենալ հարցին և պատրաստվել Եվրոպայի առաջնությանը նորմալ մասնակցելուն։

- Արդեն դիմե՞լ եք բժիշկներին։

- Բուժման կարիք չկա։ Հիմա ինքնազգացողությունս լավ է, պետք է վերականգնվել և ավելի լավ պատրաստվել։

- Ինչպե՞ս եք գնահատում ձեր մարզավիճակը։

- Այս պահին ֆիզիկապես լավ վիճակում եմ։ Տեխնիկական պատրաստվածության առումով մի փոքր աշխատելու տեղ ունեմ, սակայն նույնպես լավ վիճակում եմ։ Պարզապես պետք է կենտրոնանալ և, օգտագործելով այս ընդհանուր վիճակը, լավ մասնակցել գալիք մրցմանը։ Մարզումային ցուցանիշներից չեմ խոսի, քանի որ մարզումների ընթացքում չեմ կարողանում լիարժեք թափավազքով ցատկ կատարել։ Ինչպես գիտեք, Հայաստանում մարզումային պայմանները շատ վատն են։ Ամեն դեպքում, ընդհանուր առմամբ լավ մարզավիճակում եմ, ցատկերս նորմալ կատարում եմ։

- Ի՞նչ ակնկալիքով եք մասնակցելու մարտի 2-5-ը Թուրքիայում նախատեսված աթլետիկայի Եվրոպայի ձմեռային առաջնությանը։

- Ցանկացած մրցման մեկնում եմ որոշակի ակնկալիքով։ Երբևէ միայն մասնակցության համար չեմ գնում։ Իհարկե, պատահել է, որ ձախողվել եմ կամ լավ չեմ մասնակցել։ Դա էլ պայմանավորված է եղել տարբեր պատճառներով։ Սակայն, կրկնում եմ, յուրաքանչյուր մրցման՝ լինի Եվրոպայի առաջնություն կամ կոմերցիոն մրցաշար, մասնակցում եմ բարձր արդյունքի հասնելու ակնկալիքով։ Դժվար է ասել, թե ինչպիսի արդյունքի կհասնեմ Եվրոպայի առաջնությունում. այս պահին հիմնական խնդիրս է առնվազն անցնել եզրափակիչ փուլ և արդեն այնտեղ փորձել պայքարել բարձր տեղերի համար։ Թուրքիայում օլիմպիական վարկանիշներ չեն շնորհվելու։ Վարկանիշային պատուհանը սկսվելու է այս տարվա հուլիսի 1-ից։

- Արդեն կողմնորոշվե՞լ եք հետագա ծրագրերի հարցում։

- Գլխավոր նպատակս է հնարավորինս արագ օլիմպիական վարկանիշ լրացնել։ Այնուհետև՝ լավ մասնակցել օգոստոսին Բուդապեշտում կայանալիք աշխարհի առաջնությանը։ Անշուշտ, կլինեն նաև այլ, այդ թվում՝ կոմերցիոն մրցաշարեր, որոնց հրավեր կստանամ։ Դրանց մասին առայժմ ոչինչ չեմ կարող ասել, որովհետև որևէ հստակություն դեռևս չկա։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ