ԱՄՆ-ի դրոշի ներքո ելույթ ունեցող Լևոն Արոնյանը վիետնամցի Լե Քուանգ Լյեմի նկատմամբ տարած հաղթանակով (2,5-1,5) մեկնարկեց Մայամիում անցկացվող շախմատի Champions Chess Tour-ի 6-րդ փուլի FTX Crypto Cup մրցաշարում:
Առաջին պարտիայում Արոնյանը 44-րդ քայլին սպիտակներով հաղթեց: Հաջորդ 3 պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:
Օգոստոսի 16-ին կայանալիք 2-րդ տուրում Հայաստանի հավաականի նախկին առաջատարը կմրցի լեհ Յան-Քշիշտոֆ Դուդայի հետ: Լեհ գրոսմայստերը 3-0 հաշվով հաղթեց Հանս Նիմանին:
Մեկնարկային տուրի մյուս մրցախաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները. Ռամեշբաբու Պրագնանանդա - Ալիռեզա Ֆիրուջա՝ 2,5-1,5, Անիշ Գիրի - Մագնուս Կառլսեն՝ 1-3:
Մրցաշարի 8 մասնակիցները միմյանց հետ արագ շախմատի 4 պարտիայից բաղկացած մրցախաղ են անցկացնում: Հավասար արդյունքի դեպքում հաղթողը որոշվում է 2 պարտիայից բաղկացած կայծակնային շախմատի մրցախաղում, իսկ հարկ եղած դեպքում դիմակայության ելքը վճռվում է «արմագեդոնում»:
Արագ շախմատի մրցախաղում հաղթողը ստանում է 3 միավոր, իսկ կայծակնային խաղում՝ 2 միավոր:
Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 120 հազար դոլար է:


