Կատալոնական «Բարսելոնան» մրցաշրջանի առաջին «Էլ կլասիկոյում» 4-0 հաշվով հաղթեց Մադրիդի «Ռեալին»:
Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում կայացած Իսպանիայի Լա լիգայի 11-րդ տուրի կենտրոնական հանդիպման առաջին խաղակեսն անցավ հավասար պայքարում:
«Ռեալի» ֆուտբոլիստներն առաջին խաղակեսում մեկ հարված կատարեցին, որը շեղ ստացվեց: Բրազիլացի վինգեր Վինիիսիուս Ժունիորը խաղակեսի միջնամասում ձախ եզրից անցում ձեռնարկեց, մտավ տուգանային հրապարակ, սակայն նպաստավոր դիրքից շեղ հարվածեց:
31-րդ րոպեին «Ռեալից» հաշիվը բացեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, սակայն խաղը սպասարկող մրցավար Խոսե Մարիա Սանչես Մարտինեսը խաղից դուրս վիճակի համար չեղարկեց գոլը:
Ի դեպ, «Ռեալի» հարձակման գծի ֆուտբոլիստներն առաջին խաղակեսում 8 անգամ հայտնվեցին խաղից դուրս վիճակում:
Կատալոնական գրանդի ֆուտբոլիստներն էլ 6 հարված կատարեցին, երկուսը` դիպուկ: Խաղի մեկնարկում 17-ամյա իսպանացի եզրային հարձակվող Լամին Յամալը դուրս եկավ լավ դիրք, սակայն թույլ հարվածեց, Անդրեյ Լունինը հանգիստ որսաց գնդակը: Րոպեներ անց էլ իսպանացի կիսապաշտպան Պեդրին հեռահար ուժգին հարված կատարեց, ուկրաինացի դարպասապահը կրկին վստահ գործեց:
Երկրորդ խաղակեսը գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած «Բարսելոնան» շատ հաջող սկսեց: 54-րդ րոպեին սեփական կիսադաշտից տուգանայինը խաղարկեց իսպանացի կիսապաշտպան Մարկ Կասադոն, շարժվեց առաջ, անցավ կիսադաշտը և կտրող փոխանցումով Լունինի դիմաց մեն-մենակ դուրս բերեց լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին, որը բացեց հաշիվը:
Ընդամենը երկու րոպե անց ձախ եզրից իսպանացի պաշտպան Ալեխանդրո Բալդեն շարժվեց առաջ ու գնդակն ուղարկեց «Ռեալի» տուգանային հրապարակ, որտեղ 36-ամյա Լևանդովսկին բարձր ցատկով և գլխի շքեղ հարվածով գնդակն ուղարկեց Լունինի դարպասը` դուբլ գրանցելով: Լևանդովսկին 14 գոլով Իսպանիայի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուն է:
Հետագայում «Ռեալից» երկու գոլային պահ ունեցավ Մբապեն, սակայն երկու դեպքում էլ տպավորիչ սեյվեր կատարեց իսպանացի դարպասապահ Ինյակի Պենյան:
77-րդ րոպեին Պենյան գնդակն ուղարկեց մրցակցի կիսադաշտ, Լևանդովսկին երկրորդ հարկի պայքարում հաղթեց, գնդակն ուղարկեց Ռաֆինյային, որը հարվածային դիրք դուրս բերեց Յամալին, 17-ամյա ֆուտբոլիստն էլ սուր անկյան տակ գրավեց «Արքայական ակումբի» դարպասը:
84-րդ րոպեին էլ իսպանացի պաշտպան Ինյիգո Մարտինեսը սեփական կիսադաշտից գնդակն ուղարկեց մրցակցի տուգանային հրապարակի մատույցներ, բրազիլացի վինգեր Ռաֆինյան դուրս եկավ Լունինի դիմաց և դրեց խաղի վերջակետը` 4-0:
«Բարսելոնան» Հանսի Ֆլիկի գլխավորությամբ առաջին «Էլ կլասիկոյում» տպավորիչ հաղթանակից հետո 30 միավորով վստահ առաջատարն է, գործող չեմպիոն «Ռեալը» 24 միավորով մնաց երկրորդ տեղում:
Իսպանիայի Լա լիգա, 11-րդ տուր
«Ռեալ» - «Բարսելոնա»` 0-4
Ռոբերտ Լևանդովսկի, 54, 56, Լամին Յամա, 77, Ռաֆինյա, 84