Logo

Լևան Կուտալիա. «Հետաքրքիր առաջարկի դեպքում կվերադառնամ Հայաստանի առաջնություն»

Հեղինակ
Սուրեն Մելիքսեթյան
15:44 / 09.04.2024Ֆուտբոլ
Բացառիկ
null

Հայաստանի Պրեմիեր լիգայում ավարտվեց երրորդ շրջանը, սակայն առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակում դեռևս իր հաստատուն տեղն ունի «Ալաշկերտի» նախկին հարձակվող Լևան Կուտալիան, որը ձմռանը հեռացել է երևանյան ակումբից: Աշնանային հատվածում վրացի ֆուտբոլիստը Վահե Գևորգյանի գլխավորած թիմում անցկացրեց 19 խաղ և խփեց 12 գոլ: Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում 34-ամյա Կուտալիան պայմանագիր կնքեց Վրաստանի առաջնության առաջատար Բաթումիի «Դինամոյի» հոտ, որի կազմում հասցրել է մասնակցել 3 հանդիպման ու խփել մեկ գոլ:

VNews-ը վրացի հարձակվողի հետ զրուցել է կարիերայի հայաստանյան ժամանակահատվածի մասին:

Լևա՛ն, ինչո՞ւ որոշեցիր ձմռանը հեռանալ «Ալաշկերտից»:

Ցանկանում էի կարիերայումս նոր շրջան ունենալ, ինչպես նաև՝ խաղալ ավելի բարձրակարգ ակումբում և պայքարել չեմպիոնության համար: Հենց այդ պատճառով հեռացա «Ալաշկերտից»:

Այսինքն՝ անձա՞մբ ես որոշել հեռանալ, այլ ոչ թե ակումբն է կայացրել նման որոշում:

Իհարկե, նրանք ցանկանում էին ինձ պահել թիմում: Ես մինչև մրցաշրջանի ավարտը պայմանագիր ունեի, սակայն զրուցեցի գլխավոր մարզչի հետ և հայտնեցի, որ ցանկանում եմ հեռանալ: Նա էլ լսեց ինձ և ընդառաջեց:

Ի՞նչ տվեց քեզ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանի հետ աշխատելը:

Գևորգյանը շատ լավ մարզիչ է և հիանալի անձնավորություն: Նա շատ լավ է տիրապետում ֆուտբոլին, և ես Գևորգյանին ցանկանում եմ միայն ու միայն հաջողություններ:

Իմ տեղեկություններով, քո ծառայություններով ձմռանը հետաքրքրված էր «Փյունիկը»: Ի՞նչ կասես այդ մասին: Չէի՞ր ցանկանա խաղալ հայկական մեկ այլ ակումբում:

Այո, իսկապես «Փյունիկի» կողմից որոշակի հետաքրքրվածություն կար, բայց գործարք չկայացավ: «Փյունիկը» բավականին ուժեղ թիմ է, որն ունի լավ մարզիչ և միշտ պայքարում է չեմպիոնության համար: Ինձ դուր է գալիս նրանց խաղաոճը: Եթե ապագայում հետաքրքիր առաջարկ ստանամ, կրկին կվերադառնամ Հայաստանի առաջնություն, իսկ այժմ հանդես եմ գալիս մեկ այլ ուժեղ ակումբում՝ Բաթումիի «Դինամոյում», որի հետ մինչև առաջիկա ամառ պայմանագի ունեմ:

Հետևո՞ւմ ես Հայաստանի առաջնության գարնանային հատվածին: Ըստ քեզ՝ ո՞ր ակումբն է չեմպիոնության գլխավոր հավակնորդը:

Շատ հետաքրքիր առաջնություն է: Այդտեղ ոչ մի ակումբ չի կարող առանց մեծ ջանքերի հաղթանակ տանել: 3 ակումբ է պայքարում չեմպիոնության համար: Իմ կարծիքով «Փյունիկի» շանսերը մի փոքր բարձր են, բայց պետք չէ թերագնահատել «Նոային» և «Արարատ-Արմենիային»: Մի խոսքով, բավականին հետաքրքիր պայքար է, և ինձ էլ հետաքրքիր է, թե ով է դառնալու չեմպիոն:

Այս պահին Հայաստանի առաջնությո՞ւնն է ավելի ուժեղ, թե՞ Վրաստանի:

Պետք է տեսնել, թե տվյալ առաջնության թիմերն ինչպես են ելույթ ունենում եվրագավաթներում: Վերջին տարիներին հայկական թիմերը կարողացել են հասնել խմբային փուլ, վրացական ակումբները՝ ոչ: Հույս ունեմ, որ ապագայում վրացական ակումբները ևս նման հաջողություն կգրանցեն: Մենք նվաճեցինք Եվրո-2024-ի ուղեգիր, իսկ դա պատմական նվաճում է վրացական ֆուտբոլի համար: Ժամանակն է, որ ակումբային ֆուտբոլում ևս առաջխաղացում ունենանք:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ