Logo

VBET ՀՊԼ. «Լեռնային Արցախ» - «Ալաշկերտ» խաղին ընդառաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
22:43 / 11.08.2022• Հայկական ֆուտբոլ
null

«Լեռնային Արցախ» - «Ալաշկերտ»

Օգոստոսի 12, ժամը՝ 17:00, Վայք, Քաղաքային մարզադաշտ

VBET ՀՊԼ-ում մրցակիցներն առաջին անգամ են հանդիպելու

«Լեռնային Արցախ»՝ 5-րդ տեղ (3 միավոր), «Ալաշկերտ»՝ 1-ին տեղ (6 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ



1. Երկարատև ընդմիջումից հետո Բարձրագույն խումբ վերադարձած «Լեռնային Արցախի» համար առաջնության մեկնարկային 2 հանդիպումներն էլ բավական թեժ մրցապայքարում անցան: Երկու խաղերի ելքն էլ վճռեց խփված միակ գոլը: «Վանի» հետ խաղի ավելացված ժամանակում Էդգար Մովսեսյանի իրացրած 11մ հարվածը դարձել էր «Լեռնային Արցախի» պարտության պատճառ: Ընդ որում կարող էր հակառակ պատկերը լինել, եթե 86-րդ րոպեին «Լեռնային Արցախի» խաղացող Յեիսոն Ռասինեսն իրացներ 11մ հարվածը:
«Նոայի» հետ առաջնության 2-րդ տուրի խաղում «Լեռնային Արցախն» անդրանիկ հաղթանակը տոնեց: Թիմին հաղթանակ պարգևեց խաղավերջում Մարվին Պերեայի խփած միակ գոլը:

2. Կոնֆերենցիաների լիգայում անհաջող ելույթից հետո «Ալաշկերտը» հաջող է սկսել առաջնությունը՝ «Ուրարտուի» հետ գլխավորելով մրցաշարային աղյուսակը: Գոլառատ խաղում (4-3) «Նոային» հաղթելուց հետո «Ալաշկերտը» 2-րդ տուրում 2-0 հաշվով առավելության հասավ «Արարատի» նկատմամբ: Հարկ է նշել, որ Բլադիմիր Դիասն ու Սարգիս Մեթոյանը գոլերի հեղինակներ դարձան «Արարատի» դարպասապահ Արտյոմ Պոտապովի թույլ տված սխալների արդյունքում:

3. «Ալաշկերտը» VBET ՀՊԼ-ում հոբելյանական՝ 10-րդ մրցաշրջանն է անցկացնում: Միայն 2018-19թթ. առաջնությունում էր թիմին հաջողվել մեկնարկել երկու անընդմեջ հաղթանակով: Ալաշկերտցիները Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ մեկնարկում նվազագույն հաշվով հաղթել էին «Արարատին» և «Գանձասար-Կապանին»: Եթե «Ալաշկերտին» հաջողվի հաղթել նաև «Լեռնային Արցախին», ապա թիմային նոր ռեկորդ կգրանցի՝ մեկնարկում տոնելով 3 անընդմեջ հաղթանակ:

4. «Ալաշկերտի» կազմում մեկնարկային երկու հանդիպումներում արդյունավետությամբ աչքի ընկավ Բլադիմիր Դիասը՝ դառնալով մեկական գոլի հեղինակ: 30-ամյա կոլումբիացի ֆուտբոլիստը 2 գնդակով թիմի լավագույն ռմբարկուն է: Ավելի բարձր արդյունավետությամբ աչքի է ընկել միայն «Ալաշկերտի» պատմության լավագույն ռմբարկու Միհրան Մանասյանը՝ 2017-18թթ. առաջնության մեկնարկային երկու խաղերում խփելով 3 գնդակ:

5. Եթե Ալեքսանդր Կարապետյանին կամ Արտակ Գրիգորյանին հաջողվի գրավել «Լեռնային Արցախի» դարպասը, ապա կդառնա VBET ՀՊԼ-ում «Ալաշկերտում» գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը՝ գերազանցելով Մարկո Միլինկովիչի ցուցանիշը, որն աչքի էր ընկել 34 տարեկան 36 օրականում:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ