Խորհրդային Միության ու Ռուսաստանի աթլետիկայի վաստակավոր մարզիչ Գալինա Բուխարինան այս մրցաշրջանի մեկնարկից առաջ միացել է Երևանի «Փյունիկին», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Ռուս մասնագետը «Փյունիկում» աշխատանքի է անցել երևանյան ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանի հրավերով։
Բուխարինան փորձ է ունեցել աշխատելու տարբեր երկրների աթլետիկայի հավաքականների ներկայացուցիչների հետ, առաջնորդել նրանց բազմաթիվ նվաճումների։ Փորձառու մասնագետի կատարած աշխատանքի օգնությամբ բազմաթիվ մարզիկներ Օլիմպիական խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում չեմպիոն են դարձել։
«Փյունիկում» Գալինա Բուխարինան կկազմի ծրագիր՝ երեխաների վազքի ճիշտ տեխնիկայի սովորեցնելու համար․
«Իմ խնդիրը երեխաներին ճիշտ վազելու կարողությունը սովորեցնելն է ու այնպես անել, որ երեխաները հաճույք ստանան այդ ամենից։ Իսկ սովորեցնելու լավագույն միջոցը ցուցադրելն է։ Ցուցադրում ես, իսկ հետո սկսում ես հետևել ու շտկումներ մտցնել»,- ռուս մասնագետի խոսքը մեջբերում է «Փյունիկի» պաշտոնական կայքը։