
Երգչուհի Լեդի Գագան, որը մարմնավորել է Պատրիսիա Ռեջիանիին «House of Gucci» ֆիլմում, նոր հարցազրույցում ասել է, որ իր հերոսուհին մոր բռնության զոհն է եղել:
«Նա (հերոսուհու մայրը՝ Սիլվանաս Ռեջիանի) բառացիորեն կավատի դերում էր՝ ծանոթացնելով իր դստերը հարուստ երիտասարդների հետ: Պատրիսիան 12 տարեկան էր, երբ դա առաջին անգամ տեղի ունեցավ: Այսինքն՝ նա բառացիորեն դարձել է բռնության՝ անչափահասի նկատմամբ բռնության զոհ»,- ասել է Գագան:
Երգչուհու խոսքով՝ մոր այս վերաբերմունքը մեծապես ազդել է իր հերոսուհու կերպարի ձևավորման վրա: Գագան Պատրիսիա Ռեջիանիին չի համարում շահ փնտրող: Երգչուհին համոզված է, որ նա պարզապես փորձում էր գրավել Gucci ընտանիքի անդամների ուշադրությունը:
Գագայի խոսքով՝ Պատրիսիան ձգտել է «խաղալիքից» վերածվել ավելիի՝ այն ուժի, որը մարդիկ կհարգեն:
Ռիդլի Սքոթի ֆիլմը պատմում է Մաուրիցիո Գուչիի սպանության մասին, որը «պատվիրել էր» նախկին կինը՝ Պատրիսիա Ռեջիանին: