Մրցավար Մատեո Լաոսը հայտարարել է, որ կոպիտ սխալ է թույլ տվել Լա լիգայի 2013/14 մրցաշրջանի վերջին տուրի «Բարսելոնա» – «Աթլետիկո» խաղի ժամանակ, հաղորդում է Marca-ն:
Այդ խաղում կատալոնական թիմը հաղթելու դեպքում չեմպիոն էր դառնալու, և 66-րդ րոպեին՝ 1:1 հաշվի ժամանակ, Լիոնել Մեսին գոլ է խփել, որը մրցավարը չի արձանագրել:
«Ես սխալվեցի: Այդ խաղում ամեն ինչ հավասար պայքարում էր անցնում, սակայն կար մի պահ, երբ գնդակը Խուանֆրանից անդրադարձավ Մեսիին, և նա գոլ խփեց: Իմ կանգնած դիրքից անհնար էր տեսնել այդ հպումը: Ես պատրաստ էի իմ ձեռքի ու ոտքի բոլոր 20 մատների վրա գրազ գալ, որ գնդակն անդրադարձել էր Ֆաբրեգասից:
Այո՛, նման դեպքերում կարելի է դժգոհել մրցավարի օգնականից, բայց միակ մարդը, որը պատասխանատու էր որոշման համար, ես էի»,- ասել է իսպանացի մրցավարը:
«Բարսելոնա» – «Աթլետիկո» խաղն ավարտվել էր 1:1 հաշվով, և չեմպիոն էր դարձել մադրիդյան ակումբը:


