Logo

«Լավագույն կազմը»՝ 35-ամյա մասնագետի ձեռքում. «Բավարիայի» առջև ծառացած մարտահրավերները

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
13:00 / 18.03.2023ՍՊՈՐՏ
Բացառիկ
null

«Բավարիան», պայմանավորված մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններով, այն թիմերից է, որի իրական ներուժը կարող ենք ավելի խորությամբ գնահատել մրցաշրջանի այս հատվածում: Բունդեսլիգայում արդեն շուրջ մեկ տասնամյակ է, ինչ մյունխենցիներն իրենց կազմով ու ռեսուրսներով մի քանի անգամ գերազանցում են մրցակիցներին՝ շատ դեպքերում ուժեղացնելով իրենց կազմը ներքին մրցակիցների հաշվին ու գնելով «Բորուսիայի», «Լայպցիգի», «Բայերի» և մյուս գերմանական թիմերի ֆուտբոլիստներին: Դրա հետևանքով ստեղծվում է ուժերի անհավասարակշռություն, վերանում է մրցակցությունը. «Բավարիան» խաղում է «իր» առաջնությունում, իսկ մնացած 17 թիմերը պայքարում են 2-րդ տեղի կամ լավագույն քառյակի համար: Վերջին 2-3 տարիների ընթացքում Բունդեսլիգան նույնիսկ փորձադաշտ է դարձել մյունխենցիների համար: 10 տարի անընդմեջ Գերմանիայի չեմպիոն հռչակվելուց հետո այստեղ մարել է նաև թիմի մոտիվացիան, ինչը նույնպես դժվար է դարձնում իրական գնահատականներ տալը:

Իսկ ահա Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլերում «Բավարիան» հանդիպում է ոչ միայն զորեղ, այլ նաև՝ իր համար անծանոթ մրցակիցների, այլ կերպ ասած՝ դուրս է գալիս հարմարավետության գոտուց, և հենց այդտեղ է, երբ երևում է Գերմանիայի չեմպիոնի ուժը: 

«Բավարիայի»՝ ՉԼ-ում նախորդ հաջողությունից արդեն անցել է գրեթե 3 տարի. Ֆլիկը չկարողացավ կրկնել հաջողությունը 2020/21-ին՝ չհաղթահարելով ՊՍԺ-ի արգելքը, իսկ 2022-ին՝ Յուլիան Նագելսմանի առաջին մրցաշրջանում թիմն արգելակեց «Վիլյառեալի» հետ դիմակայությունում: Երիտասարդ ու տաղանդավոր մասնագետին ՉԼ-ում այդ անփառունակ ելույթը ներեցին (չնայած մրցակիցը «Վիլյառեալն» էր, որի դեմ խաղում մյունխենցիները ֆավորիտ էին): «Բավարիայի» ղեկավարությունը տվեց Նագելսմանին ժամանակ՝ հաշվի առնելով, որ այս մասնագետը նոր թիմ է ցանկանում ստեղծել և դրա համար ունի ևս մի քանի ամսվա կարիք: 

Եվ ահա, 2022/23-ի առաջին ծանրակշիռ հանդիպումը կայացավ «Բավարիայի» համար: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում մյունխենցիները հաղթահարեցին մրցաշարի ֆավորիտներից մեկի՝ ՊՍԺ-ի արգելքը, ինչը թույլ տվեց ավելի լավ ծանոթանալ այս՝ արդեն որոշակիորեն կայացած «Բավարիային»: Եվ այդ հաղթանակն ավելին էր Նագելսմանի համար, քան պարզապես ևս մեկ փուլ հաղթահարելն ու ևս մեկ ուժեղ մրցակցի մրցաշարից դուրս թողնելը: 

Kylian Mbappé: 'Defeat is a culture' at club as Paris Saint-Germain again  dumped out of the Champions League | CNN

Փորձենք միասին հասկանալ՝ ի՞նչ պատմեց «Բավարիայի» հաղթանակը երկխաղյա դիմակայությունում, ինչ խնդիրներ են ծառացած Նագելսմանի առջև ու որքանով է պատրաստ 35-ամյա մասնագետը դիմակայելու դրանց:

Ավելի զուսպ խաղով ու արդյունքներով «Բավարիա»

Նագելսմանի «Բավարիան» այս մրցաշրջանում ուրվագծվում է որպես թիմ և որոշ չափով տարբերվում է նախորդ «Բավարիաներից»: Առաջինը, որ աչք է զարնում՝ խաղային զսպվածությունն է, հաշվարկը և սառնասրտությունը: 

Այս ամենի մասին կարծիք կարող ենք կազմել ոչ միայն նայելով ՊՍԺ-ի դեմ երկխաղյա դիմակայությանը, այլ նաև մյունխենցիների խմբային փուլի ճանապարհը, որը նույնպես լի էր թակարդներով ու ծուղակներով, բայց դրանք էլ Նագելսմանի թիմն անցավ բարձր պատվով: 

Նախկինում սովոր էինք տեսնել՝ ինչպես է «Բավարիան» ջարդուփշուր անում մրցակիցներին՝ թե՛ խաղով, թե՛ հաշվով.

  • 2014/15, 1/8 եզրափակիչ - «Շախտյորի» դեմ ընդհանուր դիմակայությունում՝ 7-1, 1/4 եզրափակիչում «Պորտուին»՝ 7-3
  • 2016/17, 1/8 եզրափակիչ - «Արսենալի» դեմ՝ 10-2
  • 2017/18, 1/8 եզրափակիչ - «Բեշիկթաշի» դեմ՝ 8-1
  • 2020/21, 1/8 եզրափակիչ - «Լացիոյի» դեմ՝ 6-2
  • 2021/22, 1/8 եզրափակիչ - «Զալցբուրգի» դեմ՝ 7-2

Վերոնշյալ բոլոր դեպքերում «Բավարիան» այսպես ջախջախել է մրցակիցներին, բայց հետագա փուլերում հանդիպելով ավելի զորեղ մրցակցի՝ արգելակել է՝ չունենալով խաղային այլընտրանք (բացառությամբ 2020/21-ի, երբ 1/4-ում «Բավարիան» չէր զիջում խաղով ՊՍԺ-ին): Այս մրցաշրջանում «Բավարիան» խմբային փուլում հաղթել է «Ինտերին»՝ տանը և դրսում 2-0, նույն հաշվով «Բարսելոնային»՝ «Ալիանսում» ու 3-0 էլ արդեն «Կամպ Նոու» ստադիոնում: ՊՍԺ-ի դեմ էլ թիմը նվազագույն հաշվով առավելության հասավ Փարիզում, իսկ տանը՝ 2-0: Իհարկե՝ այս ամենը դեռ չի նշանակում, որ այս «Բավարիան» գերազանցում է նախորդներին և հաստատ նվաճելու է ՉԼ գավաթը: Դա ցույց կտան առաջիկա ամիսները, իսկ հիմա պարզապես վերլուծում ենք այս թիմի խաղային նախանշանները:

Նախորդ մրցաշրջանում Նագելսմանը տարբեր տակտիկաներ էր փորձարկում, ինչը հյուծում էր թիմին ու առաջացնում մարտավարական անորոշություն: Այս մրցաշրջանում «Բավարիայի» խաղում նկատվում է հաշվարկ և տակտիկական բազմազանություն: Թիմն ունենում է գնդակի վերահսկողության և տարածքային զգալի առավելություն, բայց հաշվարկում է ուժերը ու մինչև վերջ չի գնում մրցակցին ջախջախելու հետքերով: Նագելսմանն ունի 2 հիմնական խաղային սխեմա, որը կարողանում է օգտագործել թե՛ առանձին խաղերում, թե՛ միևնույն խաղի ընթացքում՝ ըստ իրավիճակի: Թղթի վրա՝ 4-2-3-1․ ավելի բալանսավորված սխեմա, բայց գրոհելիս՝ 3-4-2-1, երբ բոլորը խաղում են շատ բարձրից:

Չնայած սխեմայի արդյունավետությանը՝ այն պարունակում է նաև մեծ վտանգներ մրցակցի հակագրոհների ժամանակ: ՊՍԺ-ի դեմ խաղերում մենք տեսանք, որ կտրուկ անցումների, ուղղահայց փոխանցումների ժամանակ մրցակցի ֆուտբոլիստները հայտնվում են «Բավարիայի» պաշտպանների թիկունքում: Այդպիսի իրավիճակներում փարիզցիները ներեցին, բայց «Ռեալի» կամ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները կարող են և չներել: 

UCL 2022/23: PSG vs Bayern Munich - tactical analysis

Ամուր պաշտպանություն՝ Դե Լիխտի գլխավորությամբ

Չեմպիոնների լիգայի այս խաղարկության ընթացքում «Բավարիան» անցկացրած 8 խաղից 7-ում սեփական դարպասն անառիկ է պահել ու բաց է թողել ընդամենը 2 գոլ: 

«Բավարիայի» պաշտպանությունը, իսկապես, հուսալի է: Թիմը գոլեր բաց չի թողնում առաջին հերթին այն պատճառով, որ զրկում է մրցակցին գնդակից և հաճախ գրոհներ անցկացնելու հնարավորություններից (խոսքը միայն ՉԼ-ի մասին է), բայց նաև հրաշալի են գործում պաշտպանները: «Բավարիայի» պաշտպանության գծի առաջատար է դարձել Մատեյս դե Լիխտը:

Հոլանդացին, որը տպավորեց ամբողջ Եվրոպային 2018/19 մրցաշրջանում «Այաքսի» կազմում, կարծես վերագտել է իր մարզավիճակը՝ «Յուվենտուսում» 3 անկայուն մրցաշրջան անցկացնելուց հետո: Իրավիճակից օգտվեց «Բավարիան» ու մրցաշրջանի մեկնարկից առաջ 67 միլիոն եվրոյով գնեց նրան:

Դե Լիխտի մասնակցությամբ ամենաուշագրավ դրվագը ՊՍԺ-ի դեմ պատասխան խաղում էր, երբ 23-ամյա պաշտպանը կարողացավ գնդակը հանել դատարկ դարպասից. «Մատեյսը մտածում է միայն պաշտպանվելու մասին: 10 պաշտպանից 9-ը այդ իրավիճակում կհանձնվեր, բայց նա գնաց մինչև վերջ: Այդ դրվագը առանցքային նշանակություն ունեցավ»,- հայտարարեց Յուլիան Նագելսմանը խաղից հետո:

«Վաղը նրա տան առջև շվեյցարական շոկոլադներով լի մեծ արկղ կդնեմ», - նշեց Յան Զոմերը, որի սխալից հետո դե Լիխտը փրկեց «Բավարիային»:

WATCH: Matthijs de Ligt to the rescue! Bayern Munich star makes STUNNING  goal-line clearance to save Yann Sommer's blushes against PSG | Goal.com

Մրցաշրջանի սկիզբը հեշտ չէր Դե Լիխտի համար. նա ֆիզիկապես 100 տոկոսով պատրաստ չէր, իսկ Մունդիալի ժամանակ Նիդեռլանդների հավաքականում նստած էր պահեստայինների նստարանին. «Ինձ համար շատ ծանր էր չխաղալը, բայց այն դրական անդրադարձավ հետագա շաբաթների վրա: Սկսեցի ուշադրություն դարձնել սննդակարգիս, այժմ էլ փորձում եմ ինտենսիվությամբ ու աշխատասիրությամբ չզիջել թիմակիցներիս: Այնպես եմ անելու, որ մրցակիցներս վախենան իմ դեմ խաղալիս»,- ընդգծում է Դե Լիխտը, որը, բացի իր հիմնական պարտականությունները կատարելը, նաև հաճախ գոլեր է խփում:

Ֆանտաստիկ կազմ ու մեծ ճնշում Նագելսմանի վրա

«Սա «Բավարիայի» պատմության լավագույն կազմն է», - հայտարարեց գերմանական ֆուտբոլի լեգենդ Լոթար Մատեուսը:

«Ես նախանձ մարդ չեմ, բայց երեկ տեսա՝ ինչպես է «Բավարիան» կատարում փոփոխությունները, և խաղադաշտ են դուրս գալիս Մանեն, Սանեն, Գնաբրին, Կանսելուն... ճիշտն ասած, մի փոքր նախանձեցի», - այսպես էլ կատակեց Ժոզե Մոուրինյոն՝ անդրադառնալով «Բավարիայի» կազմին:

Դժվար է ասել՝ սա իսկապես «Բավարիայի» պատմության լավագույն կազմն է, թե՝ ոչ, բայց այն իսկապես հզոր է: Բոլոր գոտիներում «Բավարիան» ունի թոփ ֆուտբոլիստներ և երկար պահեստայինների նստարան: Աշխարհի լավագույն եզրային պաշտպաններից երկուսը՝ Դևիսն ու Կանսելուն, ամենահեռանկարային կենտրոնական պաշտպաններից երկուսը՝ Դե Լիխտը և Ուպամեկանոն, առջևում էլ Կիմիխ, Գորեցկա, Սանե, Մանե, Կոման, Գնաբրի, Մյուլեր... ու ամենատաղանդավոր երիտասարդներից մեկը՝ Ջամալ Մուսիալան, որի տրանսֆերային արժեքը գերազանցում է 100 միլիոն եվրոն: 2019-ից հետո ակումբը կատարել է 407 միլիոն եվրոյի ներդրում, իսկ թիմի այս կազմի տրանսֆերային արժեքը մոտ է 1 միլիարդին: 

Պետք է ընդգծել, որ Նագելսմանն արդարության սկզբունքով է կազմն ընտրում. խաղում են ոչ թե հնչեղ անունները, այլ՝ լավագույն մարզավիճակում գտնվողները (Ստանիսիչն ու Չուպո-Մոտինգը կհաստատեն), բայց գերմանացին իր տրամադրության տակ շքեղ կազմ ունի, ինչը մի կողմից լավ է, մյուս կողմից էլ մեծացնում է ճնշումը երիտասարդ մասնագետի վրա:

Wort zum Spieltag | Jetzt hat Nagelsmann ein Rotations-Problem - BUNDESLIGA  - SPORT BILD

Նագելսմանին տրվել է ժամանակ ու հրաշալի կազմ. սխալվելու իրավունք այս մասնագետն այլևս չունի՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ նա երբեմն շեղվում է թիմի ավանդական խաղաոճից: Երիտասարդ մասնագետին լուրջ մարտահրավեր է սպասվում. առաջին քայլը կատարված է, բայց ամենադժվարը դեռ առջևում է: 

Ճակատագրի հեգնանքով Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում Գերմանիայի չեմպիոնին բաժին հասավ երեք տարի «Բավարիայում» աշխատած Խոսեպ Գվարդիոլայի գլխավորությամբ խաղացող «Մանչեսթեր Սիթին»։ Հետաքրքիր կլինի Նագելսմանի թիմին տեսնել Գվարդիոլայի տիկի-տակայի ֆոնին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ