Ռիգայի «Սկոնտո» ստադիոնում ավարտվեց Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 7-րդ տուրի Լատվիա - Հայաստան հանդիպման առաջին խաղակեսը։ Դաշտի տերերը հաղթում են 1-0 հաշվով։
Առաջին կեսում Հայաստանի հավաքականը գոլ խփելու երկու լավ հնարավորություն ստացավ, սակայն Տիգրան Բարսեղյանն առաջին դրվագում չկարողացավ շրջանցել մրցակցի դարպասապահին, իսկ երկրորդում Բրատիսլավայի «Սլովանի» վինգերի հարվածը շեղ ստացվեց։ Լատվիայի հավաքականը 39-րդ րոպեին առավելություն ստացավ հաշվի մեջ։ Գեղեցիկ գրոհի արդյունքում գոլի հեղինակ դարձավ Յանիս Իկաունիեկսը (տեսանյութ)։
Հիշեցնենք, որ 7-րդ տուրից առաջ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի D խումբը գլխավորում է ԱԱ-2022-ի բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականը, որը 4 խաղից հետո հավաքել է 10 միավոր։ Նույնքան միավոր ունի նաև Թուրքիայի հավաքականը, որն անցկացրել է 5 հանդիպում և երկրորդն է։ Հայաստանի հավաքականը 5 խաղից հետո 7 միավորով երրորդ տեղում է։ Ուելսը (5 խաղ) ևս վաստակել է 7 միավոր և չորրորդն է, իսկ խմբի հետնապահ Լատվիան պարտվել է բոլոր խաղերում։