Logo

Դիարան ՖԻՖԱ-ից ահռելի գումար է պահանջում. դատական գործընթացը շարունակվում է

23:40 / 18.08.2025Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լասանա Դիարան շարունակում է ՖԻՖԱ-ի և Բելգիայի թագավորական ֆուտբոլային ասոցիացիայի դեմ դատական գործընթացը` այդ կառույցներից պահանջելով 56 միլիոն ֆունտ փոխհատուցում, հաղորդում է BBC Sport-ը` հղում անելով ֆրանսիացու հայտարարությանը:

Դիարան երկարատև դատական ​​վեճ է ունեցել համաշխարհային ֆուտբոլի կառավարող մարմնի՝ ՖԻՖԱ-ի հետ, որի իրավաբանական թիմը վիճարկել է այդ կառույցի որոշ կանոններ՝ 2014 թվականին ֆրանսիացու` Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ պայմանագրի խզումից հետո։

Հոկտեմբերին Եվրոպական Միության դատարանը (ԵՄԴ) որոշել էր, որ ՖԻՖԱ-ի կանոնները, որոնք կարգավորում են որոշ ֆուտբոլային տրանսֆերների իրականացման եղանակը, խախտում են Եվրոպական Միության օրենքները։

«Ռեալի», «Չելսիի», «Արսենալի», ՊՍԺ-ի և այլ թիմերի կազմում խաղացած Դիարան օգոստոսի 18-ին հայտարարել է, որ հույս ուներ` ՖԻՖԱ-ն և Բելգիայի թագավորական ֆուտբոլային ասոցիացիան իրեն դիմելու և բարեկամական համաձայնագիր առաջարկելու բարեխղճություն կունենային:

Քանի որ դա տեղի չի ունեցել, 40-ամյա մարզիչը որոշել է շարունակել դատական գործընթացները Բելգիայում։

ԵՄԴ-ն հայտարարել է, որ 2015 թվականին բելգիական «Շառլեռուա» ակումբ տեղափոխվելու համար Դիարային միջազգային տրանսֆերային վկայական (ITC) չտրամադրելով՝ ՖԻՖԱ-ն ցույց է տվել, որ իր կանոնները «խոչընդոտում են նոր ակումբում աշխատելու միջոցով իրենց գործունեությունը զարգացնել ցանկացող պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ազատ տեղաշարժը»։

ՖԻՖԱ-ն Դիարային պարտավորեցրել էր 8.4 միլիոն ֆունտ վճարել Մոսկվայի «Լոկոմոտիվին», երբ պարզվել էր, որ նա խախտել է ռուսական ակումբի հետ կնքած պայմանագրի դրույթները։

Դիարան աջակցություն է ստանում պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների միություններից՝ FifPro-ից, FifPro Europe-ից և Ֆրանսիայի UNFP-ից։

«Ես ստիպված եմ եղել այս իրավական պայքարը մղել 2014 թվականի օգոստոսից։ Դա ավելի քան 11 տարի է:

Սա անում եմ ինձ համար, բայց նաև արել եմ բոլոր սկսնակ, ոչ այնքան հայտնի խաղացողների համար, որոնք չունեն ֆինանսական ու հոգեբանական միջոցներ՝ ՖԻՖԱ-ին իրական դատավորների առջև մարտահրավեր նետելու համար»,- ասել է Դիարան համատեղ մամուլի հաղորդագրության մեջ։

ՖԻՖԱ-ն փոփոխություններ է կատարել իր տրանսֆերային կանոնակարգերում՝ ԵՄԴ որոշումից հետո ընդունելով վճարման ենթակա փոխհատուցման ժամանակավոր շրջանակ, եթե կա պայմանագրի խախտում։

Այնուամենայնիվ, Դիարան ասել է, որ այդ փոփոխությունները չեն համապատասխանում ԵՄԴ որոշմամբ սահմանված խիստ պահանջներին:

ՖԻՖԱ-ի խոսնակը նշել է. «2024 թվականի հոկտեմբերին Դիարայի գործով Եվրոպական դատարանի կողմից որոշում կայացնելուց ի վեր՝ ՖԻՖԱ-ն գործակցում է իր շահագրգիռ կողմերի հետ՝ իր կանոնակարգերը փոփոխելու համար՝ հետևելով Եվրոպական դատարանի կողմից առաջարկված ուղեցույցին։ ՖԻՖԱ-ն չի մեկնաբանում ընթացիկ իրավական հարցերը»։

ԵՄ դատարանի որոշումը նաև հանգեցրել է նիդերլանդական «Արդարություն խաղացողների համար» հիմնադրամի (JFP)՝ ՖԻՖԱ-ի, նաև Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդերլանդների, Բելգիայի և Դանիայի ֆուտբոլային ասոցիացիաների դեմ խմբային հայց ներկայացնելուն՝ սահմանափակող տրանսֆերային կանոնների պատճառով ենթադրյալ եկամտի կորստի համար փոխհատուցման պահանջով։

«Մենք վճռականորեն աջակցում ենք պարոն Դիարային»,- հայտարարել է JFP-ն։ Կառույցը նշել է, որ ՖԻՖԱ-ի տրանսֆերային կանոնների ժամանակավոր փոփոխությունները դեռևս լիովին չեն համապատասխանում ԵՄ օրենսդրությանը, և կոչ է արել խաղացողներին միանալ իր խմբային հայցին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ