«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է կատալոնական ակումբի նախկին ֆուտբոլիստ, ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի մասին:
Լապորտան խոստովանել է, որ ակումբը հնարավոր ամեն բան կանի, որ արժանին մատուցի «Բարսելոնայի» պատմության լավագույն ռմբարկուին:
««Բարսելոնայի» երկրպագուները միշտ կհիշեն նրան: Այս կիրակի կլրանա Մեսիի նորամուտի խաղի 18-րդ տարին և մենք կփորձենք որևէ բան անել: Մենք ամեն բան գիտենք նրա փայլուն կարիերայի մասին:
Հնարավոր է՝ ես նրան կտեսնեմ «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ժամանակ: Նա ՊՍԺ-ի ֆուտբոլիստ է, և մենք պետք է հարգենք այդ փաստը: Ակումբի շատ երկրպագուներ մինչև հիմա հագնում են Լեոյի մարզաշապիկը»,- Լապորտայի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք, որ Մեսիի ու ՊՍԺ-ի միջև պայմանագիրը գործում է մինչև 2023 թվականի հունիսը: Դեռևս հայտնի չէ, թե ապագայի վերաբերյալ ինչ որոշում է կայացրել 35-ամյա արգենտինացին: