Կատալոնական «Բարսելոնայի» 16-ամյա վինգեր Լամին Յամալի հասակն անցնող մեկ տարում աճել է 10 սանտիմետրով։
«Հիմնական կազմում վնասվածք ունեցող ֆուտբոլիստների առկայության պատճառով Լամինն ավելի շատ հանդիպումների է մասնակցում, քան նախատեսված է իր տարիքում։ Յամալը դեռ պատանի է, սակայն մեկ տարվա ընթացքում նրա հասակն ավելացել է 10 սանտիմենտրով։ Ես նրա տարիքի որդի ունեմ և գիտեմ` ինչ եմ ասում»,- նշել է կատալոնական ակումբի սպորտային տնօրեն Դեկուն, ում խոսքը մեջբերում է Relevo-ն։
Կուգատի ինստիտուտի վնասվածքաբան, բժշիկ Էդուարդ Ալենտորնը խոսել է Յամալի հասակի աճի մասին.
«Նման աճը նորմալ է և շատ տարածված 16 տարեկանների շրջանում։ Նրանք դեռևս ունեն անհաս ոսկորներ։ Ավելի տարօրինակ կլիներ, եթե նրա հասակն ավելացած լիներ 20 սանտիմետրով»։
«Բարսելոնայի» մարզչական շտաբի ներկայացուցիչները, նույնպես, անհանգստացած չեն ֆուտբոլիստի` հասակի նման աճ գրանցելուց.
«Խնդիրն այն է, որ երեխաները 11-12 տարեկանում սկսում են հասակի աճ գրանցել։ Նրանք այդ տարիքում կորցնում են շարժումների ներդաշնակությունը, և մենք փորձում ենք օգնել նրանց։ Լամինը միշտ եղել է շատ երկար ոտքերով, բայց՝ ոչ այնքան բարձրահասակ։ Մենք դա միշտ նկատել ենք և անհանգստանալու ոչինչ չկա։ Այս տարի նա մեծ աճ է գրանցել»,- բացատրում է «Բարսելոնայի» մանկապատանեկան մարզադպրոցի մարզիչներից մեկը, ով ժամանակին աշխատել է Յամալի հետ։
Իսպանացի ֆուտբոլիստի հասակն այժմ 1,78 մ է։ Յամալը 2023/24 մրցաշրջանում կատալոնական ակումբի կազմում անցկացրել է 32 հանդիպում` դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։


