Երևանում ապրիլի 15-23-ը կկայանա ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում պայքարի մեջ կմտնեն Եվրոպայի այս պահին բոլոր ուժեղագույն ծանրորդները: Մասնավորապես, 2021 թվականին Տոկիոյում տեղի ունեցած Օլիմպիական խաղերում մեդալակիր դարձած բոլոր եվրոպացիները ժամանելու են Երևան: Իհարկե, Ռուսաստանի և Բելառուսի ծանրորդների ներկայությունն էլ ավելի կմեծացներ մրցակցությունը, սակայն Ծանրամարտի եվրոպական միությունը չհաստատեց նրանց մասնակցությունը, թեև նախնական ցուցակում երկու երկրները ներկայացրել էին մասնակից մարզիկների ցանկը:
Երկու երկրների հավաքականներում էլ կան մարզիկներ, որոնք կարող էին պայքարել ամենաբարձր հարգի մեդալների համար։ Մասնավորապես, բելառուս Եվգենի Տիխանցովը 2019թ. աշխարհի չեմպիոնն է 102 կգ քաշային կարգում, գերծանր քաշային Էդուարդ Զյազուլինն էլ կարող էր պոկում վարժությունում ձեռնոց նետել առաջատարներին, իսկ Ռուսաստանի հավաքականի կազմում կարող էինք ականատես լինել ծանրամարտի բազմաթիվ աստղերի ելույթների՝ Օլեգ Մուսոխրանով, Սերգեյ Պետրով, Վյաչեսլավ Յարկին, Ռոման Չեպիկ, Արտյոմ Օկուլով, Տիմուր Նանիև, Ալեքսեյ Լովչև… Հատկապես ինտրիգային կլիներ վերջինիս ելույթը: Աշխարհի նախկին ռեկորդակիրը, որի սահմանած ռեկորդները չեղարկվեցին արգելված խթանիչներ օգտագործելու պատճառով, երկարամյա որակազրկումից հետո վերադարձել է մրցահարթակ, աստիճանաբար մարզավիճակ է ձեռք բերում, ու թեև գերծանր քաշային կարգում դժվար թե կարողանար պայքարել ոսկե մեդալի համար, սակայն բրոնզե մեդալի լուրջ հավակնորդ կարող էր լինել:
Կանանց Ռուսաստանի հավաքականում աչքի էր ընկնում Տատյանա Կաշիրինայի ներկայությունը, որը պետք է մրցեր մինչև 87 կգ քաշային կարգում:
Եվրոպայի առաջնության ընթացքում կլինեն մի քանի դիմակայություններ, որոնք ավելի կհետաքրքրացնեն մրցաշարը: Հատկապես հետաքրքիր են լինելու տղամարդկանց մրցաշարի միջին և ծանր քաշային կարգերի մրցելույթները: VNews-ը ներկայացնում է երևանյան ԵԱ-ի ամենահետաքրքիր դիմակայությունները, որոնց ընթացքում մարզասերները կարող են ոչ միայն հետաքրքիր ու լարված պայքար տեսնել, այլ նաև ռեկորդներ ակնկալել:
73 կգ քաշային կարգ
Բոժիդար Անդրեև (Բուլղարիա) - Ֆուրկան Օզբեկ Մոհամեդ (Թուրքիա)
Անդրեևը 2019թ. Եվրոպայի չեմպիոնն է, Օզկանը հաղթել է 2021 և 2022թթ. առաջնություններում: Բուլղարացի ծանրորդի երկամարտի անձնական ռեկորդն այս քաշային կարգում 346 կգ է, սակայն վերջին տարիներին նրա ցուցանիշներն ընկել են: 2022թ. Եվրոպայի առաջնությունում Անդրեևը մասնակցում էր 81 կգ քաշայինների պայքարին, 343 կգ արդյունքով զբաղեցրեց երրորդ տեղը: 23-ամյա Օզկանը 2022թ. Եվրոպայի առաջնությունում հաղթեց 339 կգ արդյունքով: Աշխարհի առաջնությանը երկու ծանրորդներն էլ մասնակցեցին 73 կգ քաշային կարգում, և Անդրեևը 338 կգ արդյունքով 4-րդն էր, մինչդեռ Օզկանը ձախողվեց և 331 կգ արդյունքով բավարարվեց 8-րդ տեղով: Երևանում այս երկու ծանրորդների միջև համառ պայքար է սպասվում ոսկե մեդալի համար:
81 կգ քաշային կարգ
Ռաֆիկ Հարությունյան (Հայաստան) - Օսկար Ռեյես Մարտինես (Իտալիա)
Ռաֆիկ Հարությունյանը Եվրոպայի գործող չեմպիոնն է՝ 354 կգ արդյունքով: Իտալացի ծանրորդը բաց թողեց Եվրոպայի առաջնությունը, սակայն մասնակցեց աշխարհի առաջնությանը, որտեղ չկար Հարությունյանը՝ վնասվածքի պատճառով: Ռեյեսն աշխարհի առաջնությունում 351 կգ արդյունքով զբաղեցրեց 5-րդ տեղը: Երևանում հայ ծանրորդը ֆավորիտ է լինելու, սակայն իտալացին կարող է խառնել խաղաքարտերը: Նրանց պայքարին կարող է խառնվել ալբանացի Դանիել Գոդելին, բայց քիչ հավանական է, քանի որ նա որակազրկումից վերադառնալուց հետո երբեք չի կարողացել բարձր արդյունք գրանցել, թեև հավակնությունները մեծ են:
89 կգ քաշային կարգ
Անտոնիո Պիցոլատո (Իտալիա) - Կառլոս Նասար (Բուլղարիա)
Պիցոլատոյի ելույթը 2022թ. Եվրոպայի առաջնությունում ցնցող էր: Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը պոկում վարժությունում 4 կգ-ով հաղթեց Նասարին, իսկ հրում մրցաձևում աշխարհի ռեկորդ սահմանեց՝ 217 կգ արդյունքով: Իտալացին վնասվածքի պատճառով բաց թողեց աշխարհի առաջնությունը, որին մասնակցում էր Նասարը: 19-ամյա բուլղարացին, որը երիտասարդ սերնդի ամենափայլուն ներկայացուցիչներից է, ձախողեց պոկում վարժությունը, զրո ստացավ, բայց հրում վարժությունում պատվիրեց 220 կգ ծանրաձող ու գերազանցեց Պիցոլատոյի ռեկորդը, իսկ իտալացուն շարունակում է պատկանել քաշային կարգի երկամարտի ռեկորդը: Եվրոպայի առաջնությունում այս երկու ծանրորդների պայքարը խոստանում է դառնալ առաջնության զարդերից մեկը: Անդրանիկ Կարապետյանը կարող է խառնվել նրանց պայքարին պոկում վարժությունում, բայց հրումում քիչ շանսեր ունի, եթե մրցակիցներն անակնկալ ձախողումներ չունենան:
96 կգ քաշային կարգ
Հակոբ Մկրտչյան (Հայաստան) - Արա Աղանյան (Հայաստան)
Այս քաշային կարգում Հայաստանը երեք հավասարազոր ծանրորդ ունի, Մկրտչյանն ու Աղանյանը հիմնական կազմում են, իսկ Դավիթ Հովհաննիսյանը՝ պահեստային: Երեքի նախնական պատվերն էլ 380 կգ է, եթե հնարավորություն լիներ հայտավորել բոլոր երեքին, մեծ է հավանականությունը, որ ամբողջ պատվո հարթակը հայկական կլիներ։ Փորձառու Հակոբ Մկրտչյանի շանսերն ավելի բարձր են գնահատվում, եթե նա կարողանա պոկում վարժությունում շատ հետ չմնալ մրցակիցներից, ապա հրում վարժությունով հեշտությամբ կապահովի հաղթանակը։
Գերծանր քաշային կարգ (+109 կգ)
Լաշա Տալախաձե (Վրաստան) - Վարազդատ Լալայան (Հայաստան)
2022-ին Տալախաձեն նորից հաղթեց Եվրոպայի և աշխարհի առաջնություններում, բայց Լալայանը և արդեն Բահրեյնը ներկայացնող Գոռ Մինասյանը մոտ էին նրան ավելի, քան երբևէ: Հաշվի առնելով, որ 23-ամյա Լալայանը շարունակում է առաջադիմել ու տարեցտարի ավելի բարձր քաշեր բարձրացնել, իսկ 29-ամյա Տալախաձեին սկսում են անհանգստացնել վնասվածքները, վրացի գերհսկայի դիրքերն այլևս այդքան էլ անսասան չեն թվում: Բացի այդ, խոսվում է, որ կրկնակի օլիմպիական չեմպիոնն ուներ որոշակի առողջական խնդիրներ, որոնց պատճառով ստիպված է նիհարել: Համեմատության համար՝ 2021թ. աշխարհի առաջնությունում Տալախաձեի անձնական քաշը 182.90 կգ էր, 2022թ. Եվրոպայի առաջնությունում՝ 176.30 կգ, իսկ դեկտեմբերին տեղի ունեցած աշխարհի առաջնությունում՝ 166.50 կգ: Գուցե Երևանում Լալայանն ավելի իրական շանսեր ունենա ահեղ մրցակցին հաղթելու համար։
Փարիզյան հեռանկարներ. IWF-ի ճակատագրական որոշումները հայկական ծանրամարտի համար