Իտալիայի Ա սերիայի 11-րդ տուրի վերջին խաղում «Լացիոն» Հռոմում ընդունեց «Կալյարիին» և մեծ դժվարությամբ հաղթանակ կորզեց 2-1 հաշվով:
Երկրորդ րոպեին տանտերերից հաշիվը բացեց սենեգալցի հարձակվող Բուլայե Դիան, 41-րդ րոպեին հյուրերը հավասարեցրին հաշիվը, 76-րդ րոպեին 11-մետրանոցից «Լացիոյին» հաղթանակ պարգևեց իտալացի կիսապաշտպան Մատիա Ձականին, որը փոխարինման էր դուրս եկել երեք րոպե առաջ:
Գոլից երկու րոպե անց «Կալյարիի» կոլումբացի պաշտպան Յերի Մինան կոպիտ խախտումից հետո երկրորդ դեղին քարտը ստացավ ու հեռացվեց խաղադաշտից, իսկ վայրկյաններ անց մրցավարի հետ վիճելու համար երկրորդ դեղինով հեռացվեց նաև ֆրանսիացի կիսապաշտպան Միշել Նդարի Ադոպոն:
Մարկո Բարոնիի գլխավորած թիմն այս հաղթանակից հետո 22 միավորով հավասարվեց 3-4-րդ տեղերը բաժանող Բերգամոյի «Ատալանտային» և «Ֆիորենտինային»: «Կալյարին» 9 միավորով 16-րդն է:
Իտալիայի Ա սերիա, 11-րդ տուր
«Լացիո» - «Կալյարի»` 2-1
Բուլայե Դիա, 2, Մատիա Ձականի, 76 (11մ) - Զիտո Լուվումբո, 41
Հեռացումներ` Յերի Մինա, Միշել Նդարի Ադոպո, 78 (երկուսն էլ` «Կալյարի»)