Իսպանական Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասն արձագանքել է ռասիզմի մեջ մեղադրվող երկրպագուի մեղադրական դատավճռին:
Ավելի վաղ Պալմա դե Մալյորկայի հետաքննիչ դատարանը մեկ տարվա ազատազրկման էր դատապարտել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորին ռասայական վիրավորանք հասցրած երկրպագուին և 3 տարով արգելել էր այցելել ֆուտբոլային ստադիոններ:
«Սա արդյունքն է այն աշխատանքի, որն արդեն մի քանի տարի կատարում ենք, որպեսզի արմատախիլ անենք ատելությունը մեր ֆուտբոլից: Ստադիոններում ոչ մի ռասիստական արարք առանց քրեական պատասխանատվության չի մնալու»,- սոցցանցերում գրել է 62-ամյա ֆունկցիոները:
Հիշեցնենք, որ միջադեպը 2023թ․ փետրվարի 5-ին տեղի էր ունեցել «Մալյորկայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի նախորդ մրցաշրջանի 20-րդ տուրի խաղի ընթացքում: