Իսպանական «Ռեալ Սոսյեդադը» Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանին ընդգրկել է Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի հայտացուցակում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Իսպանիայի առաջնության հաջորդ տուրում Սան Սեբաստիանի թիմն օգոստոսի 25-ին կհյուրընկալվի «Լաս Պալմասին»։ 20-ամյա ֆուտբոլիստը կարող է նորամուտը նշել նոր թիմում:
Հիշեցնենք, որ Արսեն Զախարյանն օրեր առաջ 6 տարվա պայմանագիր էր կնքել «Ռեալ Սոսյեդադի» հետ։ Տրանսֆերի համար Լա լիգայի ներկայացուցիչը 12 միլիոն եվրո է վճարել Մոսկվայի «Դինամոյին»։ Պայմանագրում նշված է 75 միլիոն եվրո հրաժարագին։
Զախարյանը «Դինամոյի» սան է, 2021 թվականից խաղում էր մոսկովյան ակումբի գլխավոր թիմում, որի կազմում անցկացրած 89 խաղում դարձել է 19 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը «Դինամոյի» կազմում մասնակցել է 5 հանդիպման ու դարձել 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:


