Կյանքից հեռացել է սպորտային մարմնամարզության Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի քառակի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը։ Լեգենդար մարզիկը 94 տարեկան էր։
«Սիրելի հայրենակիցներ, խոր վշտով պիտի տեղեկացնեմ, որ քիչ առաջ կյանքի 94-րդ տարում իր մահկանացուն կնքեց բոլոր ժամանակների մեծագույն հայ մարզիկ Ալբերտ Ազարյանը: Պատիվ և երջանկություն էր լինել քո ժամանակակիցը, հանգչիր խաղաղությամբ սիրելի՜ վարպետ»,- ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը։
20-րդ դարի լավագույն հայ մարզիկ, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի պատվավոր նախագահ Ալբերտ Ազարյանը ծնվել է 1929 թվականին Գանձակում՝ արհեստավորի ընտանիքում։ 1939 թվականին ընտանիքը տեղափոխվել է Վանաձոր, իսկ 1947 թվականին՝ Երևան։ Նա ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ է (1954), ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ, ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (1967)։ Նա նաև ԽՍՀՄ 11-ակի չեմպիոն է։ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հավաստագրման համաձայն՝ օղակների վրա նրա կատարած վարժությունների համալիրը պաշտոնապես անվանակոչվել է «Ազարյանական խաչ»։
Դեկտեմբերին Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի բակում տեղադրվել էր լեգենդար մարզիկի կիսանդրին։