Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչ Սամարայի «Կռիլյա Սովետովի» կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոն հայտարարել է, որ մտադիր չէ միանալ Հայաստանի ազգային հավաքականին:
«Ես այլեւս չեմ շփվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ։ Ռուսաստանի հավաքականի օգտին ընտրությունը վերջնական որոշում է։ Ես մարզական քաղաքացիությունը փոխելու և Հայաստանի հավաքականում խաղալու հնարավորություն չեմ տեսնում»,- 19-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Евро-Футбол»-ը:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Կովալենկոն Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում նորամուտը նշել էր սեպտեմբերին՝ մեկնարկային կազմում մասնակցելով Ղրղզստանի թիմի դեմ ընկերական խաղին (2-1)։
Կովալենկոն վարձավճարով է խաղում «Կռիլյա Սովետովում», որի կազմում Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 17 խաղի, դարձել մեկ գոլի ու երկու գոլային փոխանցման հեղինակ։ Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է ռուսական «Սոչիին»: Հայկական արմատներ ունեցող ֆուտբոլիստն «Արարատ-73-ի» լեգենդ Ալեքսանդր Կովալենկոյի թոռն է: