Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան կոպիտ է արձագանքել Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոյի հայտարարությանը:
Նախօրեին իտալացի մասնագետը Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ պայմանագիրը երկարաձգել էր մինչև 2026 թվականը, իսկ մամուլի ասուլիսի ժամանակ չէր խուսափել 31-ամյա դարպասապահին վերաբերող հարցից:
2023-ի ամռանը Տիբո Կուրտուան լքել էր Բելգիայի հավաքականի ճամբարը: Մամուլը երկար ժամանակ պնդում էր, որ դարպասապահը նման քայլի է գնացել, քանի որ Տեդեսկոն թիմի ավագի թևկապը հանձնել է Ռոմելու Լուկակուին: Սակայն ավելի ուշ «Արքայական ակումբի» առաջին համարը բացատրել էր, որ իր դեմարշի պատճառն արժանի վերաբերմունքի բացակայությունն է: Նախորդ տարվա դեկտեմբերին էլ Կուրտուան պաշտոնապես հայտարարել էր, որ չի մասնակցելու Եվրո-2024-ին:
Ասուլիսի ժամանակ Դոմենիկո Տեդեսկոն լրագրողներին հավաստիացրել էր, որ փորձել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի թիմ վերադարձնի դարպասապահին:
Կուրտուան սոցցանցերում արձագանքել էր «ստախոս» 🤥 խորհրդանշող էմոջիով:
Հիշեցնենք, որ վերջերս Տեդեսկոյի մասին բացասաբար էր արտահայտվել նաև Մադրիդի «Աթլետիկոյի» բելգիացի կիսապաշտպան Աքսել Վիտցելը: 34-ամյա ֆուտբոլիստը հավաքականում կարիերան ավարտելու համար մեղադրել էր գլխավոր մարզչին:

-20.jpg)
