Logo

ԿումինԳա՞, թե՞ գնա. Բարդ շախմատային պարտիա բասկետբոլի կանոններով

Հեղինակ
Վահե Գևորգյան
15:55 / 25.09.2025Բասկետբոլ
Բացառիկ
null

«Գոլդեն Սթեյթ Ուորիորսի» պատմության վերջին տասնամյակն առասպել է հիշեցնում՝ գրված ոսկե տառերով։ Սթեֆ Քարիի, Քլեյ Թոմփսոնի ու Դրեյմոնդ Գրինի դարաշրջանը վերածվեց բասկետբոլի հեղափոխության․ 3-միավորանոցներ, արագ տեմպ, խաղի տրամաբանության արմատային փոփոխություններ: 4 չեմպիոնական տիտղոս ու բասկետբոլի պատմության մեջ լավագույն թիմերից մեկի կոչում:

Բայց ցանկացած դինաստիա հավերժ չէ։ Այսօր գլխավոր հարցը միայն այն չէ, թե ինչպես պատվով ավարտել Քարիի դարաշրջանը, այլ նաև այն, թե ով է լինելու «Ուորիորսի» նոր դեմքը։

Այստեղ բեմ է բարձրանում Ջոնաթան Կումինգան՝ Կոնգոյից ժամանած երիտասարդ հարձակվողը, որին 2021 թվականին ընտրեցին դրաֆթի 7-րդ համարով։ Ֆրանշիզայի ղեկավարներից շատերը հակված էին դրաֆթում Ֆրանց Վագներին ընտրելուն, բայց թիմի գլխավոր սեփականատեր Ջո Լեյքոբն այլ որոշում կայացրեց: Հիմա այդ որոշման պտուղները քաղելու և է՛լ ավելի կարևոր որոշում կայացնելու ժամանակն է:

Առաջատար դառնալու անհագ ցանկություն

Նախորդ մրցաշրջանում Կումինգան վերջնականապես դուրս եկավ «ծագող աստղի» կարգավիճակից։ Երբ Կումինգան խաղաժամանակ է ստանում, նա միջինը 15 միավոր վաստակող խաղացող է: Կոնգոլեսցին, սակայն, ունակ է նաև ավելիին։ Յուրաքանչյուր ցատկի, յուրաքանչյուր դանքի ու նետման մեջ զգացվում է ցանկություն՝ ապացուցելու «Ես պարզապես Քարիի լրացումը չեմ, ես խաղացող եմ, որը կարող է առաջնորդել»։

Եվ հենց այդ ցանկությունն էլ դարձավ պայմանագրային բանակցությունների հիմքում ընկած կոնֆլիկտը։ Կումինգան ու նրա գործակալը պահանջում են ավելի մեծ վերահսկողություն ապագայում՝ Player option, որը թույլ է տալիս խաղացողին ինքնուրույն որոշել՝ մնա՞լ, թե՞ հեռանալ։

«Ուորիորսի» դիրքորոշումը․ վերահսկողություն՝ ազատության դիմաց

Ակումբի ղեկավարությունը հարցին մոտենում է այլ տեսանկյունից. խիստ ֆինանսական սահմանափակումների պայմաններում յուրաքանչյուր պայմանագիր ոչ թե պարզապես թիվ է, այլ ռազմավարություն։ «Ուորիորսը» պատրաստ է վճարելուն, նույնիսկ ավելի շատ։ Բայց բոլոր առաջարկներն ուղեկցվում են team option-ով՝ պայմանով, որ թիմն է որոշելու՝ շարունակե՞լ համագործակցությունը, թե՞ ոչ։ Ֆրանշիզայի համար սա ապահովագրություն է։ Խաղացողի համար՝ կախվածություն ու անազատություն։

Պարգևատրվող ռիսկ․ որակավորված առաջարկ

Առանձին ինտրիգ է առաջացնում նաև qualifying offer-ը՝ 7,9 միլիոն դոլար՝ մեկ մրցաշրջանի համար։ Եթե Կումինգան այն ընդունի, ապա մեկ տարի անց կդառնա անսահմանափակ ազատ գործակալ։ Դա համարձակ քայլ է․ եթե խաղը ստացվի, հաջորդ պայմանագիրը կլինի աստղային ու միգուցե մաքսիմալ։ Բայց յուրաքանչյուր վնասվածք կամ ձախողում կարող է փլուզել ամեն ինչ։

Թրեյդի հնարավորություն․ նոր հորիզոններ
 
Ավելի ու ավելի են ուժգնանում sign-and-trade տարբերակի մասին խոսակցությունները։ Մի շարք ակումբներ Կումինգայի մեջ տեսնում են ապագա աստղի։ «Ուորիորսի» համար դա հնարավորություն է ստանալու ակտիվներ և ֆինանսական ճկունություն, Կումինգայի համար՝ լինել առաջին աստղի դերում։ Բայց նոր միջավայրն ունի իր վտանգները։ Սթիվ Քերի սխեմաներում հարձակվողը շատ հաճախ կորում է: Նա հիանալի եզրափակող է, բայց գնդակը տեղաշարժելու ու ճիշտ փոխանցումներ կատարելու խնդիր ունի:

Կումինգայի պատմությունը միայն պայմանագրային խաղ չէ։ Այն «Գոլդեն Սթեյթի» վերակառուցման հիմնաքարն է։ Քարին շարունակում է մնալ թիմի խորհրդանիշն ու սուպերաստղը, բայց ժամանակն անողոք է։ Վաղ թե ուշ Սթեֆն ու Դրեյմոնդ Գրինը կավարտեն կարիերան, և հենց Կումինգայի նման խաղացողներն են որոշելու՝ կշարունակվի՞ արդյոք «Ուորիորսի» դինաստիան, թե՞ Ֆրանշիզան կընկղմվի անվերջանալի թվացող վերակառուցման մեջ:

Դյուրանտի ստվերը

«Ուորիորսի» պատմության մեջ արդեն եղել է նման դրվագ։ Երբ Քևին Դյուրանտը 2019 թվականին հեռացավ, ակումբը փորձեց պահել ֆինանսական հավասարակշռությունն ու միաժամանակ չկորցնել մրցունակությունը։ Փորձը ցույց տվեց, որ ոչ ոք անփոխարինելի չէ։ Դյուրանտի հեռանալուց հետո թիմը կարողացավ կրկին չեմպիոն դառնալ: Քարիին ու Գրինին օգնեցին Լունին, Փեյթոնն ու Ջորդան Փուլը: Նրանցից շատերն արդեն թիմում չեն, բայց Ֆրանշիզան համալրվել է նոր աստղով՝ ի դեմս Ջիմի Բաթլերի: Եթե Կումինգան որոշի մնալ, «Գոլդեն Սթեյթը» կգնա վետերանական վերջին ու չեմպիոնական արշավին:

Պարտիան դեռ չի ավարտվել

Այս իրավիճակը շախմատ է հիշեցնում․ յուրաքանչյուր քայլ վտանգավոր է։ Ֆրանշիզան վախենում է վերահսկողությունը կորցնելուց, խաղացողը՝ տարիներն ու ազատությունը։

Կումինգան կարող է ընտրել ապահով ուղին կամ ռիսկի գնալ։ «Ուորիորսը» կարող է մի կողմ թողնել հպարտությունը՝ հանուն հնարավոր սերնդափոխության կամ էլ կորցնել անաղմուկ վերակառուցման հնարավորությունը։ Պարզ է մեկ բան. այս պատմությունը լինելու է «Գոլդեն Սթեյթ Ուորիորսի» ապագայի շրջադարձային պահերից մեկը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ