Հայաստանի նորընծա չեմպիոն ու գավաթակիր Երևանի «Ուրարտուն» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում հյուրընկալվեց ռումինական «Ֆարուլին» ու ցավալի պարտություն կրեց 2-3 հաշվով։ Ռումինիայի չեմպիոնը հաղթական գոլը խփեց ավելացված ժամանակի 5-րդ րոպեին։
23-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Ուրարտուի» ռուս հարձակվող Արտյոմ Մաքսիմենկոն:
4 րոպե անց ռումինացի կիսապաշտպան Տուդոր Բելուցեն խփեց լեգենդար Գեորգի Հաջիի գլխավորած թիմի պատասխան գոլը:
38-րդ րոպեին տուգանայինից կատարած տպավորիչ հարվածով «Ուրարտուին» կրկին առաջ մղեց ուկրաինացի պաշտպան Իվան Զոտկոն:
Առաջին խաղակեսի ավելացված չորրորդ րոպեին հաշիվը 2-2 դարձրեց ռումինացի հարձակվող Ադրիան Մազիլուն:
Հանդիպման ավելացված 5-րդ րոպեին տանտերերին հաղթանակ պարգևեց ռումինացի պաշտպան Յոնուց Լարիեն:
Դիմակայության պատասխան խաղը կկայանա օգոստոսի 3-ին Երևանում:
Հիշեցնենք, որ Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը եվրագավաթներում պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայում և որակավորման առաջին փուլում պարտվել բոսնիական «Զրինսկիին» (0-1, 3-2, 11մ՝ 3-4): «Ֆարուլի» արգելքը հաղթահարելու դեպքում երևանյան ակումբը որակավորման երրորդ փուլում երկխաղյա դիմակայություն կանցկացնի էստոնական «Ֆլորա Տալինի» հետ:
Ավելի վաղ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի փոխչեմպիոն «Փյունիկը» Շվեդիայում կամային հաղթանակ էր տարել «Կալմարի» նկատմամբ, բրոնզե մեդալակիր «Արարատ-Արմենիան» 1-1 հաշվով էր ավարտել հունական «Արիսի» հետ տնային հանդիպումը, իսկ լավագույն քառյակը եզրափակած «Ալաշկերտն» ընդունել էր հունգարական «Դեբրեցենին» ու պարտվել նվազագույն հաշվով:
Կոֆերենցիաների լիգա, որակավորման երկրորդ փուլ, առաջին հանդիպում
«Ֆարուլ» (Ռումինիա) - «Ուրարտու» (Հայաստան)՝ 3-2
Տուդոր Բելուցե, 27, Ադրիան Մազիլու, 45+4, Իոնուց Լարիե, 90+5 - Արտյոմ Մաքսիմենկո, 23, Իվան Զոտկո, 38


