Կոնֆերենցիաների լիգայում կայացան կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները:
Լոնդոնի «Վեսթ Հեմն» ընդունեց հոլանդական «ԱԶ Ալկմարին» ու կամային հաղթանակ տարավ 2-1 հաշվով: Առաջին խաղակեսի վերջնամասում հյուրերին առաջ մղեց հոլանդացի կիսապաշտպան Տինջանի Ռեյնդերսը: 67-րդ րոպեին անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը՝ հավասարակշռությունը վերականգնեց ալժիրցի կիսապաշտան Մոհամեդ Բենհրահման: 76-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց լոնդոնյան ակումբի ճամայկացի հարձակվող Մայքլ Անտոնիոն:
Խմբային փուլում Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Փյունիկի» մրցակիցներից շվեյցարական «Բազելն» արտագնա խաղում 2-1 հաշվով առավելության հասավ իտալական «Ֆիորենտինայի» նկատմամբ:
25-րդ րոպեին հաշիվը բացեց տանտերերի բրազիլացի հարձակվող Արթուր Կաբրալը: 71-րդ րոպեին պատասխան գոլը խփեց ֆրանսիացի վինգեր Անդի Դիուֆը: Ավելացված երկրորդ րոպեին «Բազելին» կամային հաղթանակ պարգևեց շվեյցարացի կիսապաշտպան Զեկի Ամդունին:
Պատասխան խաղերը կկայանան մայիսի 18-ին:
Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի գործող հաղթողը Հռոմի «Ռոման» է, որը ելույթները շարունակում է Եվրոպա լիգայում:
Այս մրցաշրջանում Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին մասնակցել էր նաև Հայաստանի 15-ակի չեմպիոն Երևանի «Փյունիկը», որը H խմբում («Սլովան», «Բազել», «Ժալգիրիս») 6 միավորով զբաղեցրել էր երրորդ տեղը և դուրս մնացել պայքարից։
Կոնֆերենցիաների լիգա, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպումներ
«Վեսթ Հեմ» (Անգլիա) - «ԱԶ Ալկմար» (Նիդերլանդներ)` 2-1 (տեսանյութ)
Մոհամեդ Բենհրահմա, 67 (11մ), Մայքլ Անտոնիո, 76 - Տինջանի Ռեյնդերս, 42
«Ֆիորենտինա» (Իտալիա) - «Բազել» (Շվեյցարիա)` 1-2 (տեսանյութ)
Արթուր Կաբրալ, 25 - Անդի Դիուֆ, 71, Զեկի Ամդունի, 90+2