Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի հաղթող Երևանի «Փյունիկը» Սլովակիայում կհյուրընկալվի Բրատիսլավայի «Սլովանին», որի կազմում ելույթ է ունենում Հայաստանի ազգային հավաքականի վինգեր Տիգրան Բարսեղյանը:
Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը ծանր վնասվածք է ստացել ու չի մասնակցի խաղին:
Առաջին շրջանի խաղում երևանյան ակումբը 2-0 հաշվով հաղթել է Բրատիսլավայի թիմին։
Թիմերի մեկնարկային կազմերը.
«Սլովան». Ադրիան Չովան, Յուրի Մեդվեդև, Միենտի Աբենա, Գուրամ Կաշիա, Լուկաս Լովատ, Ալեն Մուստաֆիչ, Յուրայ Կուցկա, Ժարոմիլ Զմրալ, Վլադիմիր Վայս, Գիորգի Չակվետաձե, Ալեքսանդր Չավրիչ:
«Փյունիկ». Դավիթ Յուրչենկո, Ալեքսանդր Գոնսալես, Ալեքսանդր Միլկովիչ, Անտոն Բրատկով, Նիկիտա Բարանով, Եվգենի Կոչուկ, Ժունինյո, Հովհաննես Հարությունյան, Արտակ Դաշյան, Յուսուֆ Օտուբանջո, Լուկա Յուրիչիչ:
«Սլովան» - «Փյունիկ» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին ու կցուցադրվի «Վիվառո Արենա»-ի ուղիղ եթերում:
«Փյունիկի» և «Սլովանի» հետ H խմբում ընդգրկված են նաև շվեյցարական «Բազելն» ու Լիտվայի չեմպիոն «Ժալգիրիսը»:
Հիշեցնենք, որ «Փյունիկը» եվրագավաթներում պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից, որտեղ երկխաղյա դիմակայության արդյունքում հաղթահարել էր Ռումինիայի չեմպիոն «Կլուժի» արգելքը (0-0, 2-2, 11-մետրանոցներ՝ 4-3)։ Երկրորդ փուլում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը պայքարից դուրս էր թողել Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին» (0-1, 4-1)` դառնալով Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ դուրս եկած առաջին հայկական ակումբը: Երրորդ փուլում Հայաստանի 15-ակի չեմպիոնը պարտվել էր սերբական «Ցրվենա Զվեզդային» (0-5, 0-2) և տեղափոխվել Եվրոպա լիգա, որի որակավորման փլեյ-օֆֆ փուլում հետխաղյա 11-մետրանոցներով 2-3 հաշվով զիջել էր մոլդովական «Շերիֆին» (0-0, 0-0):