Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի փոխչեմպիոն «Փյունիկը» վստահ հաղթանակով մեկնարկեց Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում, իսկ բրոնզե մեդալակիր «Արարատ-Արմենիան» վերջին վայրկյաններին բաց թողեց հաղթանակը:
Հայաստանի 15-ակի չեմպիոնն Աբովյանի քաղաքային մարզադաշտում հյուրընկալեց Էստոնիայի գավաթակիր «Նարվա Տրանսին» ու հաղթեց 2-0 հաշվով: Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն ամբողջ խաղի ընթացքում ուներ խաղային ու տարածքային մեծ առավելություն: 65-րդ րոպեին «Փյունիկին» առաջ մղեց բոսնիացի հարձակվող Լուկա Յուրիչիչը:
88-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց բրազիլացի պաշտպան Խամես Սանտոսը:
Վարդան Մինասյանի գլխավորությամբ «Արարատ-Արմենիան» ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում 1-1 հաշվով ավարտեց ալբանական «Էգնատիայի» հետ հանդիպումը: 36-րդ րոպեին հաշիվը բացեց երևանյան ակումբի բրազիլացի պաշտպան Ալեմաոն:
64-րդ րոպեին «Էգնատիան» կարող էր վերականգնել հաշվի տարբերությունը, սակայն տպավորիչ սեյվով աչքի ընկավ Հայաստանի կրկնակի չեմպիոնի ռուս դարպասապահ Վսևոլոդ Երմակովը:
Հյուրերը ոչ-ոքի կորզեցին հանդիպման վերջին վայրկյաններին. անկյունայինի խաղարկումից հետո գոլի հեղինակ դարձավ գանացի հարձակվող Ռաֆայել Դուամենան:
Պատասխան հանդիպումները կկայանան հուլիսի 20-ին: «Փյունիկ» - «Նարվա Տրանս» զույգի հաղթողը որակավորման երկրորդ փուլում ուժերը կչափի շվեդական «Կալմարի», իսկ «Արարատ-Արմենիա» - «Էգնատիա» դիմակայության հաղթողը կխաղա հունական «Արիսի» հետ:
Հիշեցնենք, որ «Փյունիկը» մասնակցել էր Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին և H խմբում («Սլովան», «Բազել», «Ժալգիրիս») 6 միավորով զբաղեցրել էր երրորդ տեղը։
Կոնֆերենցիաների լիգա, որակավորման առաջին փուլ, առաջին խաղ
«Փյունիկ» (Հայաստան) - «Նարվա Տրանս» (Էստոնիա)` 2-0
Լուկա Յուրիչիչ, 65, Խամես Սանտոս, 88
«Արարատ-Արմենիա» (Հայաստան) - «Էգնատիա» (Ալբանիա)՝ 1-1
Ալեմաո, 36 - Ռաֆայել Դուամենա, 90+7





