Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» սկսեց պայքարը Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում, որի առաջին տուրում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում մրցեց չեխական «Մլադա Բոլեսլավի» դեմ և հաղթեց 2-0 հաշվով։
Առաջին խաղակեսն անցավ հայկական ակումբի առավելության պայմաններում։ Ռուի Մոտայի գլխավորած թիմը ստեղծեց մի քանի գոլային պահ։ Աչքի ընկնելուն շատ մոտ էին վինգերներ, ֆրանսիացի Վիրջիլ Պինսոնն ու պորտուգալացի Էլդեր Ֆերեյրան, բայց չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը։
Երկրորդ կեսի մեկնարկում ավելի ակտիվ էին հյուրերը, սակայն ամեն ինչ փոխվեց 58-րդ րոպեին, երբ «Նոային» առաջ մղեց Մաթեուս Այասը։ Բրազիլացի հարձակվողը խփեց «Նոայի» պատմության առաջին գոլը Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում։
Տանտերերի առավելությունը 76-րդ րոպեին կրկնապատկեց Վիրջիլ Պինսոնը, որը գոլային փոխանցմանն ավելացրեց նաև գոլ։
«Նոան» պատմության մեջ առաջին հաղթանակը տարավ եվրագավաթային մրցաշարերի հիմնական փուլում և 3 միավորով այժմ Կոնֆերենցիաների լիգայի աղյուսակի 6-րդ տեղում է։
Ռուի Մոտայի թիմը մրցաշարում հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 24-ին և Վիեննայում կմրցի ավստրաիակն «Ռապիդի» դեմ։ Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում հայկական ակումբը կխաղա նաև Լոնդոնի «Չելսիի» (նոյեմբերի 7), իսլանդական «Վիկինգուրի» (նոյեմբերի 28), Կիպրոսի ԱՊՕԵԼ-ի (դեկտեմբերի 12) ու սերբական «Բաչկա Տոպոլայի» (դեկտեմբերի 19) հետ։
Կոնֆերենցիաների լիգա, հիմնական փուլ, առաջին տուր
«Նոա» (Հայաստան») - «Մլադա Բոլեսլավ» (Չեխիա)` 2-0
Մաթեուս Այաս, 58, Վիրջիլ Պինսոն, 76


