Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանը կունենա չորս ներկայացուցիչ։
Վերջինն ուղեգիր նվաճեց Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի բրոնզե մեդալակիր «Արարատ-Արմենիան», որը դրամատիկ պայքարում հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց ալբանական «Էգնատիային»։ Երևանում կայացած առաջին խաղում գրանցվել էր 1-1 հաշիվը։
Ալբանայում տեղի ունեցած պատասխան հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 2-2 հաշվով, թիմերը երկուական գոլ խփեին նաև լրացուցիչ 30 րոպեներին, և նշանակվեց 11-մետրանոց հարվածաշար, որում հաջողությունն ուղեկցեց երևանյան ակումբին։
Խաղի մեկնարկն անհաջող էր Վարդան Մինասյանի գլխավորած թիմի համար․ երրորդ րոպեին «Էգնատիային» հաշվի մեջ առաջ մղեց բրազիլացի կիսապաշտպան Ֆերնանդո Մեդեյրոսը:
17-րդ րոպեին երևանյան ակումբի կոտդիվուարցի ռմբարկուի Վիլֆրիդ Էզան վերականգնեց հավասարակշռությունը:
36-րդ րոպեին ալբանացի կիսապաշտպան Ռեդի Կասան հաշիվը դարձրեց 2-1:
58-րդ րոպեին «Արարատ-Արմենիայի» պորտուգալացի կիսապաշտպան Ադրիանո Կաստանյերան խփեց պատասխան գոլը՝ 2-2 և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ թիմերը խփեցին ևս երկուական գոլ. տանտերերից դուբլ ձևակերպեց գանացի հարձակվող Ռաֆայել Դվամենան, որին պատասխանեցին հյուրերի նիգերիացի հարձակվող Տենտոն Յենեն և կոլումբացի պաշտպան Խունիոր Բուենոն:
Խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց 4-4 հաշվով, իսկ հետխաղյա 11-մետրանոցներով ավելի դիպուկ գտնվեցին «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները, որոնք դիպուկ իրացրին բոլոր՝ 4 հարվածները, իսկ մրցակիցը վրիպեց 2 անգամ:
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Արարատ-Արմենիան» կմրցի հունական «Արիսի» հետ: Ավելի վաղ որակավորման երկրորդ փուլի ուղեգիր էին նվաճել նաև Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի փոխչեմպիոն «Փյունիկը» և «Ալաշկերտը»։ Հայաստանի նորընծա չեմպիոն ու գավաթակիր «Ուրարտուն» էլ Չեմպիոնների լիգայում ավերտել էր ելույթները և Կոնֆերենցիաների լիգայում կխաղա ռումինական «Ֆարուլի» հետ։
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 27-ին, իսկ պատասխան խաղերը՝ օգոստոսի 3-ին:
Կոնֆերենցիաների լիգա, որակավորման առաջին փուլ, պատասխան խաղ
«Էգնատիա» (Ալբանիա) - «Արարատ-Արմենիա» (Հայաստան)՝ 4-4
11-մետրանոցներ՝ 2-4
Ֆերնանդո Մեդեյրոս, 3, Ռեդի Կասա, 36, Ռաֆայել Դվամենա, 108, 120+4 - Վիլֆրիդ Էզա, 17, Ադրիանո Կաստանյերա, 58, Տենտոն Յենե, 110, Խունիոր Բուենո, 114