Logo

Կոնֆերենցիաների լիգա․ «Ալաշկերտը» պարտվեց հետխաղյա 11-մետրանոցներով

01:59 / 04.08.2023Ֆուտբոլ
Ալաշկերտ-Դեբրեցեն

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Երևանի «Ալաշկերտը» հյուրընկալվելիս հետխաղյա 11-մետրանոցներով պարտվեց հունգարական «Դեբրեցենին» և դուրս մնաց պայքարից:

Վահե Գևորգյանի գլխավորած թիմը շատ վստահ անցկացրեց առաջին խաղակեսը և ընդմիջման գնաց հաշվի մեջ առջևում։ Հանդիպման հաշիվը 18-րդ րոպեին բացեց «Ալաշկերտի» ռուս պաշտպան Վիտալի Ուստինովը՝ խփելով առաջին խաղակեսի միակ գոլը։

67-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց թիմի նորեկ Միմիտոն։ 10 րոպե անց «Դեբրեցենը» կրճատեց հաշիվը Հունգարիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Բալաժ Ջուջակի գոլի շնորհիվ։

87-րդ րոպեին հայկական ակումբը մնաց 10 խաղացողով։ Կոպիտ սահանկման համար կարմիր քարտ ստացավ փոխարինման մտած վրացի հարձակվող Լևան Կուտալիան։

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց «Ալաշկերտի» հաղթանակով՝ 2-1 հաշվով, և քանի որ առաջին խաղում 1-0 հաշվով հաղթել էր հունգարական ակումբը, պայքարը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։

Լրացուցիչ 30 րոպեներին դարպասի նոր գրավում չարձանագրվեց և նշանակվեց 11-մետրանոց հարվածաշար, որում ավելի դիպուկ գտնվեցին տանտերերը՝ հաղթելով 3-1 հաշվով։ «Ալաշկերտի» կազմում միակ դիպուկ հարվածն իրացրեց խորվաթ պաշտպան Մատեո Մուժեկը, իսկ Արտակ Եդիգարյանը, Միմիտոն ու Սոդիկ Ֆատային վրիպեցին։ 

Հիշեցնենք, որ որակավորման առաջին փուլում Հայաստանի քառակի չեմպիոնն ուժեղ էր գտնվել Չեռնոգորիան ներկայացնող «Արսենալ Տիվատից» (1-1, 6-1): «Դեբրեցենը» հաջորդ փուլում ուժերը կչափի ավստրիական «Ռապիդի» հետ:

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում Հայաստանը կունենա մեկ ներկայացուցիչ՝ փոխչեմպիոն Երևանի «Փյունիկը», որը պայքարից դուրս էր թողել շվեդական «Կալմարին» (2-1, 2-1) և հաջորդ փուլում կմրցի նորվեգական «Բուդյո Գլիմտի» հետ։ Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Ուրարտուն» չէր կարողացել հաղթահարել ռումինական «Ֆարուլի» արգելքը (2-3, 2-3), իսկ բրոնզե մեդալակիր «Արարատ-Արմենիան» երկխաղյա դիմակայությունում պարտվել էր հունական «Արիսին» (1-1, 0-1)։

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլը կմեկնարկի հաջորդ շաբաթ։

Կոնֆերենցիաների լիգա, որակավորման երկրորդ փուլ, պատասխան հանդիպում

«Դեբրեցեն» (Հունգարիա) - «Ալաշկերտ» (Հայաստան)՝ 1:2 (11-մետրանոցներով՝ 3-1) (առաջին խաղ՝ 1:0)

Բալաժ Ջուջակ, 77 - Վիտալի Ուստինով, 18, Միմիտո, 67

Հեռացում՝ Լևան Կուտալիա, 87 («Ալաշկերտ»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ