Logo

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտն» ու «Արսենալ Տիվատը» հաղթողին չպարզեցին

22:55 / 13.07.2023Ֆուտբոլ
Ալաշկերտ-Արսենալ Տիվատ

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ալաշկերտը» ոչ-ոքիով մեկնարկեց Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում:

Վահե Գևորգյանի թիմը 1-1 հաշվով ավարտեց չեռնոգորական «Արսենալ Տիվատի» հետ տնային հանդիպումը:

Երևանի «Ուրարտու» մարզադաշտում կայացած խաղում տանտերերն առաջին խաղակեսում ունեին տարածքային առավելություն (64-36 տոկոս), դարպասի ուղղությամբ կատարեցին 6 հարված, որոնցից դիպուկ էին 4-ը: Հյուրերի միակ հարվածը պսակվեց հաջողությամբ: 23-րդ րոպեին հաշիվը բացեց արգենտինացի կիսապաշտպան Խուլիան Մոնտենեգրոն: 

Խաղակեսի վերջնամասում հավասարակշռությունը կարող էր վերականգնել երևանյան ակումբի լատերալ Դանիել Կարիլյոն, սակայն նրա՝ նպաստավոր դիրքից կատարած հարվածը շեղ ստացվեց:

Երևանյան ակումբը հաշիվը հավասարեցրեց 66-րդ րոպեին. տպավորիչ գոլով աչքի ընկավ ռուս պաշտպան Վիտալի Ուստինովը:

78-րդ րոպեին չեռնոգորական թիմը կրկին կարող էր առաջ անցնել հաշվի մեջ, սակայն հուսալի գործեց Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը:

Հանդիպման վերջնամասում երևանյան ակումբը կարող էր հաղթանակ կորզել, բայց էկվադորցի վինգեր Յեիսոն Ռասինեսի՝ մոտ տարածությունից կատարած հարվածից հետո գնդակը չհայտնվեց դարպասում։

Երկրորդ խաղակեսում Հայաստանի քառակի չեմպիոնը պահպանեց զգալի տարածքային առավելությունը (66-34 տոկոս), սակայն ավելին անել չհաջողվեց:

Հիշեցնենք, որ «Ալաշկերտ» - «Արսենալ Տիվատ» դիմակայության պատասխան խաղը կկայանա հուլիսի 20-ին: Հաղթողը հաջորդ փուլում կմրցի հունգարական «Դեբրեցենի» հետ։

Ավելի վաղ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում հաղթանակով էր մեկնարկել Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը», իսկ բրոնզե մեդալակիր «Արարատ-Արմենիան» ոչ-ոքի էր խաղացել սեփական խաղադաշտում։

Կոնֆերենցիաների լիգա, որակավորման առաջին փուլ, առաջին խաղ

«Ալաշկերտ» (Հայաստան) - «Արսենալ Տիվատ» (Չեռնոգորիա)` 1-1

Վիտալի Ուստինով, 66 - Խուան Մոնտենեգրո, 23

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ