Հայկական ակումբներն իմացան մրցակիցներին Կոնֆերեցիաների լիգայի որակավորման առաջին փուլում։
«Նոային» վիճակահանության արդյունքում բաժին հասավ «Շկենդիան», որը Հյուսիսային Մակեդոնիան նախորդ առաջնությունում գրավել է երկրորդ տեղը և միայն լրացուցիչ ցուցանիշներով է զիջել չեմպիոնին։ Հայաստանի փոխչեմպիոնի մյուս հավանական մրցակիցներն էին «Բուդուչնոստը» (Չեռնոգորիա), «Ինտեր Կլուբ Էսկալդեսը» (Անդորրա), «Տիրանան» (Ալբանիա), «Լա Ֆիորիտա 1966»-ը (Սան Մարինո)։ Առաջին հանդիպումը կանցկացվի «Նոայի» խաղադաշտում։
Հայաստանի ավարտված առաջանությունում չորրորդ տեղը գրաված «Ուրարտուն» երկխաղյա դիմակայություն կանցկացնի Տալինի «Կալևի» (Էստոնիա) հետ։ Առաջին խաղը կկայանա Էստոնիայի մայրաքաղաքում։ Էստոնիայի ընթացիկ առաջնությունում «Կալևը» 17 խաղից հետո 16 միավորով 7-րդ տեղում է։
Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմի մյուս հավանական մրցակիցներն էին «Տորպեդոն» (Բելառուս), «Ակտոբեն» (Ղազախստան), «Մարսշալոկը» (Մալթա) և «Մորնարը» (Չեռնոգորիա)։
Որակավորման առաջին փուլի առաջին խաղերը կկայանան հուլիսի 11-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մեկ շաբաթ անց։
Հիշեցնենք, որ Կոնֆերեցիաների լիգայում Հայաստանի մյուս ներկայացուցիչ, բրոնզե մեդալակիր «Արարատ-Արմենիան» պայքարը կսկսի որակավորման երկրորդ փուլից։