ՎՖՖ նախագահ Լևան Կոբիաշվիլին հայտարարությամբ է հանդես եկել՝ անդրադառնալով Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի Վրաստան - Հայաստան պատասխան հանդիպումից հետո Թբիլիսիի` Բորիս Պայչաձեի անվան «Դինամո Արենա» ստադիոնում տեղի ունեցած միջադեպին.
«Շնորհակալ եմ բուռն աջակցության համար, որն ստացավ մեր ազգային հավաքականը «Դինամո Արենայում»։ Ինչպես միշտ, խաղացողները զգացին ձեր աջակցությունն ու ոգեշնչվեցին դրանից: Ուզում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին:
Սա ասելով` պետք է անդրադառնամ նաև խաղի ավարտից հետո տեղի ունեցած այն իրադարձություններին, որ որոշ հանդիսականներ ներխուժեցին խաղադաշտ և անախորժ իրավիճակ ստեղծեցին հյուրերի տրիբունայի մոտ։
Հյուրերի հանդեպ նման պահվածքը միանգամայն անընդունելի է։ Այս գործողությունների միջոցով մենք ոչ միայն վիրավորեցինք հյուրերի երկրպագուներին, այլև սեփական թիմին զրկեցինք երկրպագուների հետ հաղթանակը տոնելու հնարավորությունից։
Նման գործողությունները վնաս են հասցնում վրացական ֆուտբոլին և մեր երկրի հեղինակությանը։ Ավելին` այս միջադեպի համար ՈՒԵՖԱ-ն կարող է տուգանքներ սահմանել։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի հավաքականին և նրանց երկրպագուներին ինչպես Թբիլիսիում, այնպես էլ Երևանում ընկերական միջավայր ստեղծելու համար։ Հատուկ շնորհակալություն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային հիանալի հյուրընկալության համար։ Մեր երկրների միջև սպորտային սերտ կապերը վերջերս ավելի ենք ամրապնդել` 2029 թվականի ՖԻՖԱ-ի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը հյուրընկալելու մեր համատեղ հայտով։ Հուսով եմ, որ և՛ Վրաստանը, և՛ Հայաստանը կկարողանան օգուտ քաղել այդ մեծ իրադարձության կազմակերպումից։
Ֆուտբոլը միավորում և հաջողություն է ստեղծում։ Ցանկանում եմ նվիրվածության համար շնորհակալություն հայտնել մեր ազգային հավաքականի յուրաքանչյուր անդամի՝ ֆուտբոլիստներին, մարզիչներին և անձնակազմին»,- Կոբիաշվիլիի խոսքը մեջբերում է ՎՖՖ պաշտոնական կայքը։
Վրաստան - Հայաստան հանդիպումից հետո տանտերերի մի շարք երկրպագուներ ներխուժել էին խաղադաշտ, մոտեցել մարզադաշտի այն տրիբունային, որտեղ տեղակայված էին հայ երկրպագուները և տարբեր իրեր էին նետել այդ ուղղությամբ, այդ թվում` գարեջրի մետաղական տարաներ։