Իտալական «Նապոլիի» վրացի վինգեր Խվիչա Կվարացխելիան խոստովանել է, որ մանկության տարիներին իր ֆուտբոլային կուռքը եղել է Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Գուտին:
«Մանկության տարիներին իմ ֆուտբոլային կուռքը Գուտին էր, որն այդ ժամանակ խաղում էր Մադրիդի «Ռեալում»: Նրա մարզաշապիկը չկար Վրաստանում, այդ պատճառով ես գնում էի սովորական սպիտակ մարզաշապիկ և մեջքին գրում 14 թիվը»,- Կվարացխելիայի խոսքը մեջբերում է Geo Team-ը:
Հիշեցնենք, որ Գուտին «Ռեալի» սան է և մադրիդյան ակումբում ելույթ է ունեցել 1995-2010 թվականներին, այնուհետև տեղափոխվել թուրքական «Բեշիկթաշ» ու ավարտել կարիերան:
«Արքայական ակումբի» հետ իսպանացի կիսապաշտպանը նվաճել է 11 տիտղոս, այդ թվում` երեք Չեմպիոնների լիգայի գավաթ: Նա Իսպանիայի հավաքականի կազմում մասնակցել է 14 խաղի: