Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսը խոսել է 2014 թվականին Մյունխենի «Բավարիայից» իսպանական ակումբ տեղափոխության և Խոսեպ Գվարդիոլայի հետ համատեղ աշխատանքի մասին:
«Գվարդիոլան մինչև վերջին օրը պայքարում էր, որ ես մնայի «Բավարիայում»: Եթե ես ընտրեի լավագույն մարզչին, ապա կընտրեի նրան:
Ինձ շատ էր դուրս գալիս խաղալ նրա գլխավորությամբ, ես շատ բան սովորեցի, և դա ինձ օգնեց աճել: Բայց հետո ես 5 տարով նոր պայմանագիր կնքելիս պետք է հաշվի առնեի նաև, որ Գվարդիոլան կարող է ավելի վաղ հեռանալ թիմից:
Դժվար որոշում էր, սակայն վերջիվերջո համաձայնության չհասանք ակումբի հետ: Ես համարում էի, որ վաստակել եմ իմ պահանջած աշխատավարձը, սակայն նրանք չհամաձայնվեցին և ես հեռացա»,- Գերմանիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Կրոսը 2014 թվականին է «Բավարիայից» տեղափոխվել «Ռեալ»: Իսպանական ակումբում անցկացրած 382 խաղում գերմանացին խփել է 25 գոլ, կատարել 86 գոլային փոխանցում: