Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է իր առողջական խնդիրների մասին: Գերմանացին ԵՎՐՈ 2020-ից հետո դեռևս չի խաղացել «Արքայական ակումբի» կազմում:
«Ես շատ ուրախ եմ, քանի որ կարողացա առանց ցավի 3-րդ մարզումն անցկացնել թիմի հետ: 6-7 ամիս ցավ եմ զգացել, իսկ հիմա շատ լավ եմ:
3 ամիս է՝ չեմ խաղացել, այնպես որ ինձ հարկավոր է ընտելանալ խաղային ռիթմին: Կարևորագույնն այն է, որ այժմ ինձ ոչինչ չի անհանգստացնում: Հիմա մենք կարող ենք զրուցել խաղերի մասին:
Աճուկիս հատվածում անհանգստություն եմ զգացել մարտից: Հասկանում էի՝ եթե շարունակեմ խաղալ, կգա մի պահ, որ այլևս չեմ կարողանա: Բայց կանգ առնելը շատ բարդ էր. չէ՞ որ ես պետք է խաղայի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում, կիսաեզրափակիչում, իսկ հետո՝ ԵՎՐՈ 2020-ում:
Հետո ես որոշեցի հանգիստ վերցնել ու սպասել, տեսնել, թե ինչ կլինի երեք շաբաթ անց: Երբ վերադարձա Մադրիդ, հասկացա, որ զարգացում չկա: Ինձ դադար էր հարկավոր:
Երկար աշխատեցինք, որ հասկանանք խնդիրը: Վիրահատությունն ինձ համար ընդունելի չէր, քանի որ պահպանողական բուժման կողմնակից եմ:
Այո՛, մի փոքր ավելի ժամանակ պահանջվեց, բայց ես վեց ամիս ցավով էի խաղացել՝ ընդունելով դեղեր: Խաղ առ խաղ ցավն ավելի էր ուժեղանում:
Հիմա զգում եմ, որ պատրաստ եմ: Կարծում եմ՝ կլինեմ «Ռեալի» հաջորդ խաղի հայտացուցակում»,- Goal-ը մեջբերում է Կրոսի խոսքը: