Պեկինում կայացել է ATP-500 շարքի մրցաշարի եզրափակիչը: Չեմպիոնական մրցախաղում հանդիպել են աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները և երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը: 3 ժամ 24 րոպե տևած պայքարում իսպանացի թենիսիստը հաղթել է 6-7 (6), 6-4, 7-6 (3) հաշվով:
21-ամյա Ալկարասը պարտվել է առաջին սեթը, բայց հաղթել է երկրորդում: Որոշիչ երրորդ սեթում խաղարկվել է թայ-բրեյք, որում իտալացին 3-0 հաշվով առջևում է եղել, բայց հաջորդ 7 խաղարկումները հաղթել է Ալկարասը:
2024 թվականին Կառլոս Ալկարասը 3 անգամ է մրցել Յանիկ Սիների հետ և հաղթել բոլոր մրցախաղերում:
Հիշեցնենք, որ Պեկինի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 3,7 միլիոն դոլար է։