Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է ազգային լիգաներում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը, հայտնում է Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS):
«Ալ Շաբաբի» դեմ Սաուդյան Արաբիայի առաջնության 4-րդ տուրի խաղում (4-0) 38-ամյա ֆուտբոլիստը դարձել էր դուբլի հեղինակ՝ գոլերի թիվը հասցնելով 517-ի։ Ռոնալդուն շրջանցեց Ֆերենց Պուշկաշին ու Յոզեֆ Բիցանին, որոնք խփել են 515-ական գոլ:
Ամերիկյան «Ինտեր Մայամիի» նորեկ Լիոնել Մեսսին ազգային լիգաներում դարձել է 496 գոլի հեղինակ։
Կրիշտիանու Ռոնալդուն 517 գոլերից երեքը գրանցվել է Պորտուգալիայի առաջնությունում («Սպորտինգ»), 103-ը՝ Անգլիայի Պրեմիեր լիգայում («Մանչեսթեր Յունայթեդ»), 311-ը՝ Իսպանիայի Լա լիգայում («Ռեալ Մադրիդ»), 81-ը՝ Իտալիայի Ա Սերիայում («Յուվենտուս») և 19-ը՝ Սաուդյան Արաբիայի առաջնությունում:
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրն այս տարվա հունվարից է խաղում արաբական ակումբում։ Նա Պորտուգալիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է, ինչպես նաև ազգային թիմերում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը պատմության մեջ (123 գոլ)։ Ռոնալդուն 5 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան, 3 անգամ՝ Անգլիայի Պրեմիեր լիգան, երկուական անգամ՝ Իսպանիայի Լա լիգան ու Իտալիայի Ա Սերիան։ Պորտուգալիայի հավաքականի հետ հարձակվողը դարձել է Եվրոպայի չեմպիոն (2016թ․) ու Ազգերի լիգայի հաղթող (2019թ․):