Logo

Կոսովոյի հետ առաջին ծանոթությունը, ալբանացիների հետ՝ 6-րդ հանդիպումը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
21:01 / 20.10.2022Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
Հայաստանի հավաքական-Կոսովո-2022

Արդեն տեղեկացրել ենք, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերին ընկերական երկու հանդիպում կանցկացնի: Նոյեմբերի 16-ին Հայաստանի հավաքականը Պրիշտինայում կմրցի Կոսովոյի ազգային թիմի հետ, իսկ 3 օր անց կհյուրընկալվի ալբանացիներին:

Պրիշտինայում կայանալիք հանդիպումը կլինի մրցակիցների առաջին ծանոթությունն ազգային հավաքականների մակարդակով: Իսկ ալբանացիների հետ Հայաստանի հավաքականը 6-րդ անգամ մրցավեճի կբռնվի:

Հայաստանի և Ալբանիայի հավաքականների առաջին հանդիպումը տեղի է ունեցել 1996թ. նոյեմբերի 9-ին Տիրանայում 1998թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 9-րդ խմբում: Դա ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի 4-րդ խաղն էր: 

Մինչև այդ, Հայաստանի հավաքականը Խորեն Հովհաննիսյանի գլխավորությամբ Երևանում գոլազուրկ ոչ-ոքի էր խաղացել պորտուգալացիների հետ, այնուհետև Բելֆաստում հյուսիսիռլանդացիների հետ խաղը կրկին ավարտել էր ոչ-ոքի (1-1), որից հետո Երևանի «Հրազդան» ստադիոնում 1-5 հաշվով պարտվել էր գերմանացիներին:

Տիրանայում ևս գրանցվեց ոչ-ոքի: 57-րդ րոպեին Բայրամ Ֆրահոլին գրավեց Արմեն Պետրոսյանի պաշտպանած դարպասը: Խաղի վերջին րոպեին Հակոբ Տեր-Պետրոսյանը Հայաստանի հավաքականին փրկեց պարտությունից:

Հաջորդ տարվա սեպտեմբերի 6-ին «Հրազդանում» կայացած պատասխան խաղում հայ ֆուտբոլիստները հաղթեցին 3-0 հաշվով: Հիմնական իրադարձությունները ծավալվեցին 2-րդ խաղակեսում: 60-րդ րոպեին Հարություն Վարդանյանը տուգանային հիանալի հարվածով բացեց հաշիվը: 

Խաղավերջում նախ աչքի ընկավ Էրիկ Ասադուրյանը, ապա այդ օրը 35-ամյակը նշող Գառնիկ Ավալյանը հստակ իրացրեց 11մ հարվածը: Դա Հայաստանի հավաքականի պատմության մեջ խոշոր հաշվով առաջին հաղթանակն էր:

Ընտրական այդ մրցաշարում Հայաստանի հավաքականը վաստակած 8 միավորով զբաղեցրեց 4-րդ տեղը, իսկ ալբանացիները 2 միավորով եզրափակեցին մրցաշարային աղյուսակը:

6 տարի անց Տիրանայում մրցակիցները 3-րդ անգամ հանդիպեցին: 2013թ. օգոստոսի 14-ին կայացած ընկերական խաղում Հայաստանի հավաքականը Վարդան Մինասյանի գլխավորությամբ 0-2 հաշվով պարտվեց: 21-րդ րոպեին հաշիվը բացեց Վալդետ Ռաման, 2-րդ խաղակեսում Էրգիս Կաչեն գրավեց Գևորգ Կասպարովի պաշտպանած դարպասը: Վերջինս ընդմիջումից անմիջապես հետո էր խաղադաշտ մտել Ռոման Բերեզովսկու փոխարեն: 

Հայաստանի հավաքական-Կոսովո-1

Այդ խաղում Հայաստանի հավաքականում իրենց նորամուտն էին նշել Աղվան Պապիկյանն ու Արթուր Ավագյանը: Գործող ֆուտբոլիստներից խաղին մասնակցել էին նաև Վարազդատ Հարոյանը, Տարոն Ոսկանյանը, Կամո Հովհաննիսյանը, Արաս Օզբիլիսը, Արթուր Սարկիսովն ու Գևորգ Ղազարյանը:

Հայաստանի և Ալբանիայի հավաքականների ճանապարհները հաջորդ անգամ հատվեցին 2016թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում: Այն անհաջող դասավորվեց Հայաստանի հավաքականի համար, որն ընտրական I խմբում անցկացրած 8 հանդիպումներում այդպես էլ հաղթանակ չտոնեց, 2 խաղ ավարտեց ոչ-ոքի, կրեց  6 պարտություն, խփած և բաց թողած գնդակների 5-14 հարաբերակցությամբ 2 միավորով եզրափակեց մրցաշարային աղյուսակը:

Ընտրական առաջին հանդիպումը կայացավ 2015թ. մարտի 29-ին Էլբասանում, որտեղ Հայաստանի հավաքականը Բերնար Շալանդի գլխավորությամբ պարտվեց 1-2 հաշվով: 

Խաղը շատ հաջող սկսվեց Հայաստանի հավաքականի համար, որն արդեն 4-րդ րոպեին դաշտի տերերի պաշտպան Մերգիմ Մավրայի ինքնագոլի շնորհիվ հաշվի մեջ առաջ անցավ: Սակայն 2-րդ խաղակեսում նախ Մավրայը քավեց իր մեղքը՝ վերականգնելով հավասարակշռությունը, ապա 81-րդ րոպեին Շկելզեն Գաշին 2-րդ՝ հաղթական գնդակն ուղարկեց Ռոման Բերեզովսկու դարպասը:

2015թ. հոկտեմբերի 11-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում մրցակիցների միջև կայացած հանդիպումը վերջինն էր ընտրական մրցաշարում: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանի ղեկավարությամբ շատ անհաջող խաղացին՝ պարտվելով 0-3 հաշվով:

Արդեն 9-րդ րոպեին Կամո Հովհաննիսյանը գրավեց սեփական դարպասը, իսկ 14 րոպե անց Բերատ Ջիմշիտին կրկնապատկեց հաշիվը: Ընդմիջումից հետո Արմանդո Սադիկուն 3-րդ անգամ գրավեց Գևորգ Կասպարովի պաշտպանած դարպասը:

Այդ հաղթանակի շնորհիվ ալբանացիներն ընտրական մրցաշարում 14 միավորով զբաղեցրին 2-րդ տեղը:

Այսպիսով, մրցակիցների միջև մինչև օրս կայացած 5 հանդիպումներից միայն մեկում է Հայաստանի հավաքականը հաղթել, մեկ  խաղ ավարտվել է ոչ-ոքի, 3-ում հաղթել են ալբանացիները: Հայաստանի հավաքականը խփել է 5 գոլ, բաց է թողել 8 գնդակ: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ