Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է, որ թիմի ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունյեսը լուրջ վնասվածք չունի։
Նունյեսը «Բրենտֆորդի» դեմ Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի արտագնա մրցավեճում փոխարինվել էր երկրորդ խաղակեսի մեկնարկից առաջ:
«Փոխարինեցինք Դարվինին, քանի որ նա փոքրիկ անհարմարություն էր զգում: Նա բավարար աշխատանք կատարել էր խաղադաշտում: Մենք նրան փոխարինեցինք Գակպոյով, ամեն ինչ լավ ստացվեց»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է Liverpool World-ը։
Հիշեցնենք, որ Նունյեսը բացել էր հանդիպման հաշիվը, իսկ Նիդերլանդների հավաքականի հարձակվող Կոդի Գակպոն դրել էր խաղի վերջակետը՝ 4-1: Կլոպի գլխավորած թիմը 25 խաղից հետո 57 միավորով առաջատարն է, երկու միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող Լոնդոնի «Արսենալին»:


