Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ։
Որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում երևանյան ակումբը 3-1 հաշվով հաղթեց Հյուսիսային Մակեդոնիայի չեմպիոն «Ստրուգային»։ Դիմակայության հաղթական գոլը Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը խփեց վերջին վայրկյաններին։
Առաջին խաղում հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտվելուց հետո «Փյունիկն» ակտիվ սկսեց Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած պատասխան հանդիպումն ու 16-րդ րոպեին բացեց հաշիվը։ Աչքի ընկավ կոտդիվուարցի հարձակվող Սերժ Դեբլեն, որը վնասվածքից ապաքինվելուց հետո առաջին խաղն անցկացրեց: Գոլի դրվագում աջ եզրից փոխանցում կատարեց բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Վիլելան, իսկ 34-ամյա Դեբլեն շրջանցեց մեկ մրցակցի և մոտ տարածությունից գրավեց Ֆիլիպ Դույմովիչի դարպասը:
Առաջին խաղակեսի հիմնական ժամանակի վերջին րոպեին հաշիվը 2-0 դարձրեց ռուս պաշտպան Միխայիլ Կովալենկոն, որն էլ հենց սկսեց գոլային գրոհը: Գոլի դրվագում Կովալենկոն գնդակը թողեց բրազիլացի պաշտպան Ալեմաոյին, որն ուղարկեց տուգանային հրապարակ, այնտեղ մեկ այլ բրազիլացի՝ Խամեսը գլխով ասիստ կատարեց ռուս պաշտպանին, որը գրավեց մրցակցի դարպասը:
Առաջին կեսի ավելացված ժամանակի չորրորդ րոպեին «Փյունիկի» պորտուգալացի կիսապաշտպան Մարտիմ Մայան խաղադաշտի կենտրոնում կորցրեց գնդակը, իսկ «Ստրուգան» հակագրոհի արդյունքում կրճատեց հաշիվը։ Գոլի հեղինակ դարձավ հյուսիսմակեդոնացի հարձակվող Բեսարտ Իբրաիմին:
Երկրորդ խաղակեսում ևս Հայաստանի 16-ակի չեմպիոնը մի շարք վտանգավոր գրոհներ անցկացրեց, դիմակայությունում հաղթական գոլը խփեց ավելացված ժամանակի 6-րդ րոպեին: Դուբլի հեղինակ դարձավ Կովալենկոն: Շուրջ 20 մետրից հարվածեց Վիլելան, դարպասապահը հեռացրեց գնդակն իր դիմաց, վրա հասած ռուս պաշտպանը մխրճեց այն դարպասը:
Հիշեցնենք, որ Մելիքյանի թիմը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի երկխաղյա դիմակայությունում պարտվել էր (0-0, 0-1) Մինսկի «Դինամոյին» և եվրագավաթային պայքարում տեղափոխվել Կոնֆերենցիաների լիգա:
«Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում կմրցի «Դիֆերդանժ» (Լյուքսեմբուրգ») - «Օրդաբասի» (Ղազախստան) դիմակայության հաղթողի դեմ։ Առաջին խաղում «Դիֆերդանժը» հաղթել է 1-0 հաշվով։
Կոնֆերենցիաների լիգա, որակավորման երկրորդ փուլ, պատասխան խաղ
«Փյունիկ» (Հայաստան) - «Ստրուգա» (Հյուսիսային Մակեդոնիա)՝ 3-1 (առաջին խաղը՝ 1-2)
Սերժ Դեբլե, 16, Միխայիլ Կովալենկո, 45, 90+6 - Բեսարտ Իբրաիմի, 45+4


