Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» սկսեց պայքարը Կոնֆերենցիաների լիգայում, որի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտվեց հյուսիսմակեդոնական «Ստրուգային»։
Առաջին խաղակեսում կողմերը փոխանակվեցին մեկական գոլով։ Նախ 8-րդ րոպեին 11-մետրանոցից աչքի ընկավ դաշտի տերերի 37-ամյա հարձակվող Բեսարթ Իբրահիմին, որի գոլին Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը 23-րդ րոպեին պատասխանեց Լուկաս Վիլելայի դիպուկ հարվածով։ Բրազիլացի ֆուտբոլիստը նույնպես դարպասը գրավեց 11-մետրանոց հարվածով։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում աչքի ընկնելու շատ լավ պահ ուներ «Փյունիկի» կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը, սակայն նրա հարվածից հետո տանտերերին փրկեց բոսնիացի դարպասապահ Ֆիլիպ Դույմովիչը։
60-րդ րոպեին երևանյան ակումբը մնաց 10 ֆուտբոլիստով. ոչ սպորտային պահվածքի համար դաշտից հեռացվեց «Փյունիկի» ավագ, ուկրաինացի պաշտպան Սերգեյ Վակուլենկոն։
73-րդ րոպեին «Ստրուգան» խփեց հաղթական գոլը։ Շուրջ 30 մետրից կատարած տպավորիչ հարվածով գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ «Փյունիկի» նախկին կիսապաշտպան Ստեֆան Սպիրովսկին։
Քանակական առավելություն ունեցող «Ստրուգան» խաղավերջում կարող էր մեծացնել առավելությունը, բայց վրիպեց նպաստավոր դիրքերից։
Դիմակայության պատասխան հանդիպումը կայանալու է հուլիսի 30-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։
Հիշեցնենք, որ Հայաստանի 16-ակի չեմպիոնը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի երկխաղյա դիմակայությունում պարտվել էր (0-0, 0-1) Մինսկի «Դինամոյին» ու եվրագավաթային պայքարում տեղափոխվել է Կոնֆերենցիաների լիգա: Հյուսիսային Մակեդոնիայի չեմպիոնի արգելքը հաղթահարելու դեպքում «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում կմրցի «Դիֆերդանժ» (Լյուքսեմբուրգ») - «Օրդաբասի» (Ղազախստան) դիմակայության հաղթողի դեմ։ Առաջին խաղում «Դիֆերդանժը» հաղթել է 1-0 հաշվով։
Կոնֆերենցիաների լիգա, որակավորման երկրորդ փուլ, առաջին խաղ
«Ստրուգա» (Հյուսիսային Մակեդոնիա) - «Փյունիկ» (Հայաստան)` 2-1
Բեսարթ Իբրահիմի, 6 (11մ), Ստեֆան Սպիրովսկի, 73 - Լուկաս Վիլելա, 23 (11մ)
Հեռացում` Սերգեյ Վակուլենկո («Փյունիկ»), 60


