Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երևանի «Փյունիկը» հուլիսի 30-ին կանցկացնի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպումը հյուսիսմակեդոնական «Ստրուգայի» դեմ։
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայանալիք խաղը կմեկնարկի ժամը 20։00-ին։ Մուտքը կլինի ազատ։ Առաջին խաղում Հյուսիսային Մակեդոնայի չեմպիոնը հաղթել է 2-1 հաշվով։
Հայաստանի 16-ակի չեմպիոնը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի երկխաղյա դիմակայությունում պարտվել էր (0-0, 0-1) Մինսկի «Դինամոյին» ու եվրագավաթային պայքարում տեղափոխվել է Կոնֆերենցիաների լիգա: «Ստրուգայի» արգելքը հաղթահարելու դեպքում «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում կմրցի «Դիֆերդանժ» (Լյուքսեմբուրգ») - «Օրդաբասի» (Ղազախստան) դիմակայության հաղթողի դեմ։ Առաջին խաղում «Դիֆերդանժը» հաղթել է 1-0 հաշվով։
Կոնֆերենցիաների լիգայում Հայաստանի մյուս երեք ներկայացուցիչները որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպումները կանցկացնեն օգոստոսի 1-ին։
Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիան» կընդունի մոլդովական «Զիմբրուին», որին առաջին խաղում հաղթել է 3-0 հաշվով։ Ավանի ակադեմիայում կայանալիք մրցավեճը կմեկնարկի ժամը 19։00-ին։ Այս դիմակայության հաղթողին որակավորման երրորդ փուլում սպասում է հունգարական «Պուշկաշ Ակադեմիան»։
«Ուրարտուն» ևս կխաղա Երևանում ու կընդունի չեխական «Բանիկ Օստրավային», հանդիպման մեկնարկը նախատեսված է ժամը 19։00-ին։ Չեխիայում կայացած առաջին խաղում երևանյան ակումբը պարտվել է 1-5 հաշվով։ Այս դիմակայության հաղթողը հաջորդ փուլում հանդիպելու է «Կոպենհագեն» (Դանիա) - «Մեգփիս» (Ջիբրալթար) զույգի հաղթողի հետ: Առաջին խաղում դանիական ակումբն արտագնա հաղթանակի է հասել 3-0 հաշվով։
Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» տանը Մալթան ներկայացնող «Սլիմա Ուոնդերերսի» դարպասը 7 անպատասխան գնդակ ուղարկելուց հետո կանցկացնի պատասխան խաղը, որը կմեկնարկի Երևանի ժամանակով 21։00-ին։ «Սիլմա Ուոնդերերսի» արգելքը հաղթահարելու դեպքում «Նոան» հաջորդ փուլում կմրցի ԱԵԿ (Հունաստան) - «Ինտեր Կլուբ Էսկալդես» (Անդորրա) զույգի հաղթողի հետ։ Տանը ԱԵԿ-ը գոլառատ խաղում ուժեղ է գտնվել 4-3 հաշվով։


