Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի երրորդ տուրում հյուրընկալվեց անգլիական «Չելսիին» և պարտվեց 0-8 հաշվով` գոլերից 6-ը բաց թողնելով առաջին խաղակեսում:
Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում ընթացող հանդիպման մեկնարկային երեք րոպեներն անցան հայկական թիմի առավելությամբ: Երկրորդ րոպեին էլ «Նոայի» պորտուգալացի հարձակվող Գոնսալու Գրեգորիոն մոտ տարածությունից հարվածեց, սակայն ուղիղ կենտրոնով, «Չելսիի» դանիացի դարպասապահ Ֆիլիպ Յորգենսենը կրծքով հեռացրեց գնդակը:
Այնուամենայնիվ, րոպեներ անց «Չելսին» սկսեց խաղադաշտում ի ցույց դնել թիմերի մակարդակների հսկայական տարբերությունը: 12-21-րդ րոպեներին իտալացի Էնցո Մարեսկայի թիմը չորս գոլ խփեց, դարպասի գրավմամբ աչքի ընկան անգլիացի պաշտպան Տոսին Ադերաբիոյոն, իսպանացի հարձակվող Մարկ Գիուն, ֆրանսիացի պաշտպան Աքսել Դիսասին, պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիքսը: 39-րդ րոպեին հեռվից կատարած հարվածով շքեղ գոլ խփեց Ուկրաինայի հավաքականի վինգեր Միխայիլ Մուդրիկը, իսկ երկու րոպե անց Ֆելիքսը դուբլ ձևակերպեց:
Ի դեպ, երեք գոլային փոխանցման հեղինակ դարձավ աշխարհի չեմպիոն, Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը:
Ընդհանուր առմամբ` առաջին խաղակեսում անգլիական թիմի ֆուտբոլիստները կատարեցին 15 հարված, 9-ը` դիպուկ, պորտուգալացի Ռուի Մոտայի գլխավորած թիմը 6 հարված կատարեց, 3-ը` դիպուկ:
Երկրորդ խաղակեսը «Չելսին» ցածր տեմպով անցկացրեց, սակայն երկու գոլ խփեց և մի շարք լավ հնարավորություններ էլ չօգտագործեց:
69-րդ րոպեին Օգնյեն Չանչարևիչի դիմաց մեն-մենակ դուրս եկավ ֆրանսիացի հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն, որը երկրորդ հարվածով գրավեց հայկական թիմի դարպասը:
76-րդ րոպեին էլ «Նոայի» կիսապաշտպան Յան Էտեկին խախտեց կանոնները տուգանային հրապարակում, մրցավարը 11-մետրանոց նշանակեց, նշակետից դիպուկ գտնվեց Նկունկուն և դարձավ դուբլի հեղինակ` 8-0:
«Չելսին» երրորդ հաղթանակը տարավ և 9 միավորով առաջատարն է, «Նոան» երեք միավորով 28-րդն է: Հայկական թիմը նոյեմբերի 28-ին կընդունի իսլանդական «Վիկինգուրին»:
Հիշեցնենք, որ Մոտայի գլխավորած թիմն առաջին տուրում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 2-0 հաշվով հաղթել էր չեխական «Մլադա Բոլեսլավին», իսկ երկրորդ տուրում Վիեննայում 0-1 պարտվել էր ավստրիական «Ռապիդին»:
Կոնֆերենցիաների լիգա, հիմնական փուլ, երրորդ տուր
«Չելսի» (Անգլիա) - «Նոա» (Հայաստան)` 8-0 (տեսանյութ)
Տոսին Ադարաբիոյո, 12, Մարկ Գիու, 13, Աքսել Դիսասի, 18, Ժոաու Ֆելիքս, 21, 41, Միխայիլ Մուդրիկ, 39, Քրիստոֆեր Նկունկու, 69, 76 (11մ)