Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» չկարողացավ նվաճել ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆի ուղեգիր:
Հիմնական փուլի վերջին` 6-րդ տուրում, պորտուգալացի Ռուի Մոտայի գլխավորած թիմը ցրտաշունչ Սերբիայում հյուրընկալվեց «Բաչկա Տոպոլային» և պարտվեց 3-4 հաշվով:
«Նոան» խաղի առաջին 15 րոպեից հետո հաղթում էր 2-0 հաշվով: 5-րդ րոպեին հաշիվը բացեց բրազիլացի հարձակվող Մաթեուս Այասը, 10 րոպե անց էլ կրկնապատկեց պորտուգալացի կիսապաշտպան Էլդեր Ֆերեյրան: Երկու դրվագներում էլ ձախ եզրից գոլային փոխանցում կատարեց ֆրանսիացի վինգեր Վիրջիլ Պինսոնը:
41-րդ րոպեին «Բաչկա Տոպոլան» հակագրոհով կրճատեց հաշիվը, գոլի հեղինակ դարձավ սերբ կիսապաշտպան Պետար Ստանիչը:
Երկրորդ խաղակեսը մեկնարկեց այնպես, ինչպես առաջինը: «Նոան» երեք րոպե անց գոլ խփեց, դուբլ գրանցեց Այասը:
72-րդ րոպեին «Նոայի» ավագ, Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը սեփական տուգանային հրապարակում ձեռքով փակեց գնդակի ճանապարհը, մրցավարը 11-մետրանոց նշանակեց: Բոսնիացի կիսապաշտպան Իֆեթ Ջակովացի հարվածից հետո «Նոային» փրկեց ռուս դարպասապահ Ալեքսեյ Պլոշադնին, սակայն երկրորդ հարվածով տանտերերի ֆուտբոլիստը ի վերջո գոլի հեղինակ դարձավ:
Ընդամենը երկու րոպե անց Ջակովացը դուբլի հեղինակ դարձավ և հավասարեցրեց հաշիվը` 3-3: 81-րդ րոպեին էլ «Բաչկա Տոպոլային» հաղթանակ պարգևեց սերբ կիսապաշտպան Միլոշ Պանտովիչը` 4-3:
Այսպիսով, «Նոան» հիմնական փուլում տարավ մեկ հաղթանակ, գրանցեց նույնքան ոչ-ոքի և պարտվեց չորս խաղում ու չորս միավորով գրավեց 31-րդ տեղը: «Բաչկա Տոպոլան» 7 միավորով գրավեց 24-րդ տեղը և պայքարը կշարունակի անցումային փլեյ-օֆֆում:
Կոնֆերենցիաների լիգա, հիմնական փուլ, 6-րդ տուր
«Բաչկա Տոպոլա» (Սերբիա) - «Նոա» (Հայաստան)` 4-3 (տեսանյութ)
Պետար Ստանիչ, 41, Իֆեթ Ջակովաց, 74, 76, Միլոշ Պանտովիչ, 81 - Մաթեուս Այաս, 5, 48, Էլդեր Ֆերեյրա, 15
Չիրացրած 11-մետրանոց` Իֆեթ Ջակովաց, 73 («Բաչկա Տոպոլա»)
Ֆոտո` «Նոա»


