Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» ևս դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ:
Մալթական «Սլիմա Ուոնդերեսին» որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում տանը 7-0 հաշվով հաղթելուց հետո Ռուի Մոտայի գլխավորած թիմը պատասխան մրցավեճն ավարտեց 0-0 հաշվով:
Պատասխան խաղում եղավ մեկ վտանգավոր պահ, երբ առաջին խաղակեսի միջնամասում «Նոայի» գրոհից հետո մրցակցի պաշտպանը գնդակը հեռացրեց դատարկ մնացած դարպասի գծից:
Որակավորման երրորդ փուլում հայկական ակումբը երկու խաղ կանցկացնի հունական ԱԵԿ-ի դեմ: Հունաստանի փոխչեմպիոնը որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում հյուրընկալվելիս 4-0 հաշվով հաղթեց Անդորրան ներկայացնող «Ինտեր Կլուբ Էսկալդեսին», առաջին մրցավեճում ԱԵԿ-ն առավելության էր հասել 4-3:
«Նոան» օգոստոսի 8-ին դիմակայության առաջին խաղում Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում կընդունի ԱԵԿ-ին, իսկ մեկ շաբաթ անց պատասխան հանդիպումը կանցկացնի Հունաստանում:
Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ են դուրս եկել նաև Հայաստանի չեմպիոն «Փյունիկն» ու գավաթակիր «Արարատ-Արմենիան»: Եղիշե Մելիքյանի թիմը երկխաղյա դիմակայություն կանցկացնի ղազախական «Օրդաբասիի» հետ, իսկ Վարդան Մինասյանի գլխավորած «Արարատ-Արմենիան» կփորձի հաղթահարել հունգարական «Պուշկաշ Ակադեմիայի» արգելքը:
Կոնֆերենցիաների լիգա, որակավորման երկրորդ փուլ, պատասխան խաղ
«Սլիմա Ուոնդերես» (Մալթա) - «Նոա» (Հայաստան)՝ 0-0 (առաջին խաղը՝ 0-7)


