ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ընդգրկված չէ փարիզյան գրանդի հայտացուցակում «Մեցի» դեմ Ֆրանսիայի առաջնության վերջին տուրի հանդիպման համար, որը կկայանա մայիսի 19-ին։
25-ամյա ֆուտբոլիստը բաց էր թողել նաև «Նիսի» դեմ Լիգա 1-ի 32-րդ տուրի հանդիպումը (1-2), ֆրանսիացին ձախ ոտքի մկանային խնդիր էր ունեցել:
«Մեցի» և Ֆրանսիայի չեմպիոնի խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին և կցուցադրվի Fast Sports 2-ի ուղիղ եթերում:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ազգային հավաքականի ավագը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ՊՍԺ-ից: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապեն ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ», որի հետ արդեն 5 տարվա պայմանագիր է համաձայնեցրել: Նա նաև 100 միլիոն եվրո բոնուս կստանա Իսպանիայի նորընծա չեմպիոնից։
Մբապեն փարիզյան գրանդում է խաղում 2017 թվականի օգոստոսից: Հարձակվողը Ֆրանսիայի չեմպիոնի կազմում մասնակցել է 306 հանդիպման, դարձել 255 գոլի և 108 գոլային փոխանցման հեղինակ: Մբապեն ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկուն է, ակումբի հետ նվաճել է 15 տիտղոս, այդ թվում՝ 7 անգամ հաղթել Լիգա 1-ում։