Կանադացի դերասան Կիանու Ռիվզը նոր մանրամասներ է ներկայացրել Ջոն Ուիքի մասին ֆրանշիզի սպասվող սփին-օֆֆի՝ «Բալետի պարուհին» գեղարվեստական ֆիլմի մասին, որում գլխավոր դերակատարուհին Անա դե Արմասն է: Դերասանն այդ մասին խոսել է Բրազիլիայում անցկացվող Comic-Con Experience 2022 փառատոնում ելույթի ժամանակ։
Կարող եք կարդալ նաև՝
Անա դե Արմասը կնկարահանվի «Ջոն Ուիք»-ի սփին-օֆֆում
Ռիվզի խոսքով՝ ինքը ֆիլմում կհայտնվի մի քանի տեսարաններում։ «Նրանք նկարահանման հրապարակում են հենց հիմա, սցենարը թույն է, պատմությունը՝ նույնպես։ Անհամբեր սպասում եմ դրան»,- ասել է Ռիվզը։
Դերասանը նաև որոշ մանրամասներ է բացահայտել ֆիլմի գլխավոր հերոսուհու վերաբերյալ։ «Նա կին է, որը գտնվում է շատ ծանր պայմաններում և ցանկանում է վրեժ լուծել: Ինչ-որ մեկը սպանել է նրա հորը, ո՞վ կարող էր լինել: Այսպիսով, սա նրա ճանապարհն է՝ հասկանալու իր անցյալը: Նա փոքր տարիքում կորցրել է հորը և իսկապես չգիտի, թե ինչ է եղել։ Պարզապես ինչ-որ մեկը մտել էր տուն ու սպանել հորը՝ դաջվածքով մեկը։ Եվ, ինչպես գիտենք Ջոն Ուիքի մասին ֆիլմերից, եթե դուք դաջվածք ունեք, ապա այստեղ ինչ-որ բան այն չէ», - ասել է Ռիվզը:
«Բալետի պարուհու» ռեժիսորն է Լեն Ուայզմանը: Բացի Անա դե Արմասից և Ռիվզից, ֆիլմում կհայտնվի նաև Յեն Մաքշեյնը, որը մարմնավորել է մարդասպանների հյուրանոցի՝ «Նյու Յորք Կոնտինենտալ»-ի սեփականատիրոջը Ջոն Ուիքի մասին բոլոր երեք ֆիլմերում։
Սպասվում է, որ ֆիլմը կթողարկվի 2023 թվականին։


